Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը դուրս են գրվել, մեկը բուժում է ստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

326754172_1470116226850768_1381121373002292668_n.jpg

2023թ. հունվարի 20-ին, ժամը 15:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Բախման հետևանքով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և իր 6 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Սկսված նախաքննության շրջանակում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի։ Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, նպաստող պատճառները պարզելու նպատակով։

Ներկա պահի դրությամբ բուժօգնության դիմած քաղաքացիներից 6-ն արդեն դուրս է գրվել, մեկ անձ շարունակում է մնալ բուժհաստատությունում»,-գրել է Աբրահամյանը։

--00—ԶՀ