Հայաստանից Կիպրոս արտահանումն աճել է ավելի քան 211 անգամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

1101492

Հայաստանից արտահանումը նախորդ տարվա 11 ամսում աճել է 75.2 տոկոսով, աճ է նկատվել արտահանվող գրեթե բոլոր ապրանքատեսակներում, որոշ երկրներ արտահանումն աճել է անգամներով, օրինակ՝ դեպի Կիպրոս արտահանումը 2022-ի հունվար-նոյեմբերին ավելացել է ավելի քան 211 անգամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Այսպիսով հունվար-նոյեմբերին ամենաշատն աճել է Կիպրոս արտահանումը՝ 211.4 անգամ՝ կազմելով 4 մլն 757.6 հազար դոլար, այնուհետև դեպի Հունաստան արտահանումը, այն աճել է 14.1 անգամ՝ կազմելով 1 մլն 324.2 հազար դոլար, 7.1 անգամ աճել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը՝ կազմելով 479 մլն  220.5 հազար դոլար: 2.7 անգամ աճել են դեպի Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան արտահանման ծավալները: Էական աճ է գրանցվել նաև դեպի Լիտվա, Վրաստան, Իրան, Միացյալ Թագավորություն և Կորեա արտահանման ծավալներում:

Այնուամենայնիվ, հունվար-նոյեմբերին ամենամեծ ծավալի արտահանում եղել է դեպի Ռուսաստան՝ 2 մլրդ 68 մլն 91 հազար դոլարի, այնուհետև դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 479 մլն  220.5 հազար դոլարի, ապա Չինաստան՝ 329 մլն 806.9 հազար դոլարի, որտեղ սակայն նախորդ տարվա համեմատ արտահանումը նվազել է  8.6 տոկոսով:

Ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 2 մլրդ 155 մլն 706.2 հազար դոլարի ապրանք, ԱՊՀ այլ երկրներ՝ 38 մլն 318.3 հազար դոլարի, իսկ ԵՄ երկրներ՝ 717 մլն  240.6 հազար դոլարի:

Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին արտահանման աճ է նկատվել գրեթե բոլոր ապրանքատեսակներում: Արտահանման ծավալներով առաջատար է շարունակել մնալ հանքահումքային արտադրանքը՝ 929 մլն 101.3 հազար դոլարի, այնուհետև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 885 մլն 319.4 հազար դոլարի, այնուհետև մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 615 մլն  291.2 հազար դոլարի:

--00—ՅՄ