Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

կո

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ս․թ․ ապրիլի 22 ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։  Արդյունքում, վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։

Մատակարարումների վերսկսմանը նպաստել են ինչպես լիազոր մարմինների միջև նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերք վերամշակող ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության վերաբերյալ։ Այս ուղղությամբ բանակցությունները շարունակական են լինելու երկկողմանի պայմանավորվածությունների շրջանակներում։

Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի մատակարարումների զգալի աճը․ ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20,8 հազար, տոննա ապրանք՝ 1,9 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (11 հազար տոննա)։ Հիմնականում խաղող, լոլիկ և վարունգ։

Սերգեյ Դանկվերտը և Արմեն Հայրապետյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված և զարգացող գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ և հաստատել համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրությունը։

--00—ԼՀ