Կիրանցը շարունակվում է ոստիկանական զորքերի կողմից շրջապատված լինել, գյուղ դրսից մարդ չեն թողնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ի.j

Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղը շարունակում է արտաքին աշխարհից կտրված մնալ` շրջափակված ոստիկաններով։ Եթե Արցախում այդ իրադրությունը ստեղծվել էր ադրբեջանական զորքերի կողմից, Տավուշում վիճակն ավելի ողբերգական է: Համայնքի մուտքներն ու ելքերը փակված են ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ռազմական ոստիկանության ծառայողների կողմից:

24News-ի հետ զրույցում Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը նշեց, որ 4 կողմից գյուղը փակ է. «Միայն ոստիկաններն են շրջում, անցնող-դարձողին էլ հարցնում, հարցաքննում, թե` ու՞ր են գնում: Փակվել ենք ու չգիտեմ ինչի վերածվել: Ժողովուրդն էլ ա հասկանում, որ իրենք իրենց ուզածն անելու են, թե էլ ինչի՞ համար են էս տանջանքները»:

Շահինյանը նշեց, որ իրենց գյուղը ոչ կիրանցեցիների համար անհասանելի է. «Ո´չ լրագրողներն են կարողանում մուտք գործել, ո´չ հյուրեր ենք կարողանում ընդունել: Մեզ էլ դուրս ու ներս անելու համար անձնագիր են ուզում, մեկին ճանաչելով են թողնում»:

«Ոսկեպարից ինձ զանգում են, որ ուզում են Կիրանց գան, ասում են՝ կարա՞նք գանք, մոտենում եմ ոստիկանին,  հարցնում եմ, ասում ա` ոչ: Այսինքն Ոսկեպարից Կիրանց, որ 3 կմ ճանապարհ ա, հիմա մարդը պետք ա 200 կմ ճանապարհ անցնի, գնա հասնի Ալավերդի, որ գա, հասնի էստեղ»,- պատմեց Կիրանցի ղեկավարը:

Կիրանցցիներին ժամկետներ էլ չեն նշել, թե ե՞րբ է գյուղը շրջափակումից դուրս գալու:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ