Միգրացիոն ծառայությունը ներկա ձևաչափով ավարտում է իր գործունեությունը. Արմեն Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Հայաստանի միգրացիոն ծառայության համար տարին բավական բարդ էր և միաժամանակ շրջադարձային՝ մի շարք բարեփոխումների համատեքստում: Մասնավորապես, Ներքին գործերի նախարարության ձևավորման վերջին փուլն էր, և մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Ամփոփելով տարին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ ՆԳ նախարարության ձևավորումը, ինչպես նաև ՆԳ նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը, ինստիտուցիոնալ իմաստով ամենամասշտաբային ռեֆորմն է: Այս ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի օրենսդրական աշխատանք:

«Չէի ցանկանա, որ այս փոփոխությունները զուտ ընկալվեին որպես գերատեսչությունների պարզ միավորում, որովհետև իրականացվել է ֆունկցիոնալ բազային ամբողջական գնահատում և օպտիմալացում: Մենք գործառույթներն առնվազն դնում ենք այնպիսի ուղու վրա, որ ակնկալենք երկու կարևոր հանգամանք: Այն է՝ վարչարարական գործընթացներում ժամանակի կորստի էական նվազում, ծառայությունների մատուցման որակի էական բարձրացում: Այս երկու նպատակներին հասնելու համար կարևոր գործիք է թվայնացումը: Դրա միջոցով է հնարավոր նվազեցնել ավելորդ բյուրոկրատիան, թղթաբանությունը, վարչական մարմնի և քաղաքացու շփումը նվազագույնի հասնելը»,-ասաց Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունները ուղղված են ոչ թե վերահսկողական գործընթացներին, այլ՝ քաղաքացուն:

Դրանից բացի, կարևոր գործառույթ է վերապահվում նոր ստեղծվող ՆԳ նախարարությանը: Արմեն Ղազարյանը նկատեց, որ այսօր միգրացիոն քաղաքականության մշակումը՝ որպես օրենսդրական գործառույթ, որևէ պետական մարմնի վրա դրված չէ: Այնինչ, իրականում քաղաքականությունները պետք է մշակվեն նախարարությունների և իրականացվեն ոլորտային ենթակա մարմինների կողմից: Խոսելով ՆԳՆ-ի ստեղծման փաթեթից՝ Արմեն Ղազարյանը նկատեց, որ այնտեղ բավական հստակ ուրվագծված է՝ միգրացիոն քաղաքականության մշակման, քաղաքականության իրականացման համակարգման և մոնիտորինգի գործառույթները դրված են ՆԳ նախարարության վրա, իսկ իրականացումը կապահովի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: 

Ներկայացնելով ընթացիկ տարվա աշխատանքները՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ գործարկել են օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման էլեկտրոնային հարթակը, որի միջոցով գործատուները, օտարերկրացի աշխատողները միասնական հարթակի միջոցով, էլեկտրոնային ճանապարհով իրականացնում են վարչարարությունը: Բոլոր պետական մարմինները, որոնք ներգրավված են այդ գործընթացում, ևս  աշխատում են այդ հարթակի միջոցով:

«Մենք կարողացանք հասնել այն իրավիճակին, որ պետական մարմին և օտարերկրացու շփումը դարձել է մեկանգամյա: Օտարերկրացին մեկ պատուհանի սկզբունքով ստանում է իր ժամանակավոր կացության կարգավիճակը»,-ասաց Արմեն Ղազարյանը:

Ընթացիկ տարում շարունակվել են աշխատանքները նաև այլ գործառույթների թվայնացման ուղղությամբ: Ապաստանի գործառույթի իրականացման համար ևս գործարկվել է ներքին վարչարարական հարթակը: Դրանից բացի, 2019 թվականից գործում էր ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային հարթակը, որն արդեն 2022-ին ընդլայնել է իր աշխարհագրությունը: Մի շարք եվրոպական երկրներ, որոնք ռեադմիսիոն հայցեր են ուղարկում Հայաստանին, ևս միացել են նշված հարթակին: Արմեն Ղազարյանն ընդգծեց, որ միգրացիոն ծառայության գրեթե բոլոր վարչական  գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային հարթակների միջոցով:

Ամփոփիչ տեսքի է բերվել Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը: Այն Երևանում ամբողջությամբ ավարտվել է: 2022 թվականին ընդունվել են կարևոր որոշումներ, որոնք թույլ կտան 2023-ին ծրագիրն իրականացնել մյուս մարզերում ևս: Կատարվել է շահառուների ամբողջական վերահաշվառում: Այսօրվա դրությամբ մարզերում հաշվառվել է 194 ընտանիք, որոնք կարող են դառնալ այս ծրագրի շահառու: Հունվարի կեսերին կավարտվի դիմումների ընդունման գործընթացը:

 

Ինչ է սպասվում այս ծրագրերին բարեփոխումներից, ծառայությունների միավորումներից  հետո. արդյոք դադարեցվելու ե՞ն: Արմեն Ղազարյանը վստահեցրեց, որ բոլոր ծրագրերն ու ծառայությունները շարունակելու են իրականացվել, որևէ դադար չի լինելու: Միայն հաջորդ տարվա համար նախատեսված է Միգրացիոն ծառայության սոցիալական բնույթի գործառույթները փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

«Միգրացիոն ծառայությունը իրականացնում է մի խումբ սոցիալական գործառույթներ, որոնք բնորոշ չեն միգրացիոն ծառայություններին: Վստահեցնում եմ՝ ծրագրերը, ծառայությունները կանգ չեն առնելու: Այն ծրագրերը, որոնք նախանշեցի, շարունակվելու են իրականացվել, բայց  սոցիալական բնույթի գործառույթները փոխանցվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Օրինակ, երբ դրական որոշում է տրվում, և քաղաքացին ճանաչվում է փախստական, հաջորդիվ իրականացվում է ծրագիր, որով սուբսիդավորվում է բնակարանի վարձը 6 ամիս ժամկետով: Սա սոցիալական գործառույթ է, որը փոխանցվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-ասաց Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը վստահեցրեց, որ անցումը կազմակերպել են բավականին հարթ: Այդ աշխատանքները դեռ կշարունակեն իրականացվել Միգրացիոն ծառայության կողմից՝ մինչև նոր կանոնադրության հաստատումը:

Ինչ կադրային քաղաքականություն է սպասվում նոր կառույցի ստեղծմամբ ու ծառայությունների միավորմամբ: Փոփոխությունների փաթեթը ենթադրում է գործող կադրերի վերապատրաստում: Դրա արդյունքներով էլ կիրականացվեն նշանակումները:

«Ստացվում է Միգրացիոն ծառայության ներկայիս ֆորմատով գործունեության ավարտն է: Այն 30 և ավելի տարիների ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարել ու հիմնականում փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ, հնարավորինս դիմակայել է ժամանակի մարտահրավերներին, սակայն ժամանակները փոխվել են, մարտահրավերները՝ նույնպես: Կցանկանայի, որ այս բարեփոխումները ընկալվեն որպես արդիականացման գործընթացի մաս: Միգրացիոն կարողությունները, օրենսդրությունն արդիականացվում են, համապատասխանեցվում են ժամանակակից աշխարհի կարիքներին, իհարկե՝ տեղային իրողությունները հաշվի առնելով»,-հավելեց Արմեն Ղազարյանը:

Նոր ձևավորվող նախարարության կազմում միգրացիոն ծառայության ամբողջական ընդգրկումն ապահովելու համար տրված է անցումային փուլ՝ մինչև 10 ամիս: Այդ ընթացքում ծառայությունը շարունակելու է գործել իր ներկայիս հասցեում, պահպանվելու են նույն կոորդինատները»:

--00—ԼՄ