Հունաստանը և Թուրքիան Գերմանիայի հովանու ներքո շարունակում են կուլիսների հետևում հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1099989

Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա Մարիա Բուրայի գաղտնի հանդիպումը Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հունական Newsbreak պարբերականին։

«Հունաստանը և Թուրքիան, Գերմանիայի հովանու ներքո, շարունակում են կուլիսների հետևում հանդիպումները, որպեսզի թուլացնեն երկկողմ հարաբերություններում լարվածությունը, - գրում է հրատարակությունը:

Նշվում է, որ Իբրահիմ Քալընը և Աննա Մարիա Բուրան խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլյոտների ներկայությամբ:

«Բանակցությունները տեղի են ունեցել Եվրամիությունում Գերմանիայի պատվիրակության գրասենյակում բաց օրակարգով, առանց որևէ նախապայմանի, որպեսզի յուրաքանչյուր կողմը կարողանա ուսումնասիրել երկկողմ հարաբերությունները վերսկսելու մյուս կողմի մտադրությունները:

Քննարկմանը ներկա է գտնվել Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդական և Աթենքում Գերմանիայի նախկին դեսպան Յենս Պլյոտները», - գրում է պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ Հունաստանի վարչապետի մերձավորները հայտնել են, որ ,հաղորդակցության ուղին վերականգնվել էե, սակայն չեն պատասխանել այն հարցին, թե ինչ բովանդակություն են ունեցել քննարկումները կամ արդյոք հնարավոր է, որ երկու երկրների միջև վերսկսվեն դիվանագիտական շփումները:

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան քանիցս զինված հակամարտության եզրին են հայտնվել տարածքային վեճերի պատճառով:

Հրատարակությունը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ ուղղակիորեն սպառնացել է հարվածել Աթենքին, եթե Հունաստանը շարունակի կղզիների համար զենքեր գնել ԱՄՆ-ից կամ այլ երկրներից:

Միևնույն ժամանակ, Էրդողանը 2022 թվականի մայիսին հայտարարել էր, որ կդադարեցնի շփումները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նա Միցոտակիսին մեղադրել էր այն բանում, որ վերջինս ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնին կոչ էր արել Թուրքիային չվաճառել F-16 կործանիչներ:

Թուրքիայի նախագահը հավելել էր, որ Հունաստանի վարչապետը խախտել է իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, և այսուհետ իր համար Միցոտակիսի նման քաղաքական գործիչ գոյություն չունի, և որ Թուրքիան համագործակցում է ազնիվ քաղաքական գործիչների հետ։

--00—ՅՄ