Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչներ 41-ամյա Վարդան Վարդանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 33-ամյա Հարություն Աբրահամյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Ու մինչ վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանմանը, ժամը 19։45-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ 67-ամյա Գասպար Վարդանյանը իր վարած ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բուժական գյուղի բնակիչ 31-ամյա Մնացական Սողոմոնյանին, Եղվարդ քաղաքի բնակիչներ 40-ամյա Մհեր Պապյանին և 33-ամյա Հարություն Աբրահամյանին, ովքեր եղել են վթարի վայրում, ապա բախվել Զորավան գյուղի բնակիչ 40-ամյա Արտակ Այվազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային:  Վրաերթի ենթարկվածներից Մ․ Պապյանն ու Հ․ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Մ․ Սողոմոնյանը «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղեկալ Շահնազարյանի և ծառայության գծով տեղակալ Սեթոյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ժամը 23։30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիականության Նաիրիի բաժին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Մ․ Սողոմոնյանը, գիտակցության չգալով, մահացել է։  

--00--ԱՀ