Կարմիր խաչն աշխատում է հնարավոր նոր հայ գերիների փաստի հաստատման ուղղությամբ

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News       

խխ

    

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռևս աշխատում է սեպտեմբերի 13-ից սկսված հայ-ադրբեջանական բախումների հետևանքով հնարավոր գերեվարված հայ զինծառայողների փաստի հաստատման հարցով։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ադրբեջանական իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել նոր գերեվարվածների փաստը։

Ամատունին ասաց, որ կազմակերպությունն աշխատում է այս հարցով, ինչպես որ կարգն է։ «Մենք դեռ ընտանիքներից ստանում ենք որոնման հայտեր», - նշեց Ամատունին։ 

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել է նաև ինտենսիվ հրետակոծություն՝ մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ «Հակառակորդը ստանում է արժանի պատասխան, ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է»։

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ պահին հայկական կողմը 49 զոհ ունի։ Անհետ կորածների, գերեվարվածների թիվ դեռևս չի հայտարարվել։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ