Էդվարդ Ասրյանին ԳՇ պետ նշանակելը խոսում է գործարքի մասին. Տիրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

քաղաքական

Երբ մարդուն մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառներով պաշտոնից հեռացնում են, և հետո մի քանի պաշտոն բարձրացնում և շտաբի պետ են նշանակում՝ հասկանալի է, որ չակերտավոր գործարքի մասին է խոսքը: Այս մասին 24News-ին ասաց Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Էդվարդ Ասրյանին ԳՇ պետ նշանակելու որոշմանը :

Հարցին, թե ի՞նչ գործարքի մասին է խոսքը, Տիրան Խաչատրյանը չցանկացավ պատասխանել, ասաց՝ իրենից ճշտեք:

Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություն կա, որ 2021 թվականին սեպտեմբերի 27-ին Էդվարդ Ասրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, այն պատճառով, որ նրան տեսել էին ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ժամանակ , նա Սեյրան Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Իմ տեղեկություններով՝ պատճառը միայն դա չէ, այդ հանդիպման ժամանակ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է իրականությունը, ոչ միայն պատերազմի, այլ նաև հետպատերազմյան ընթացքի մասին, ինչը իշխանավորներին հաճելի չի եղել: Էդվարդ Ասրյանին շատ լավ ճանաչում եմ, բավական երկար ժամանակ իմ ենթական է եղել, գիտելիքներ ունեցող զինվորական է»:

Անդրադառնալով ԳՇ պետին ՊՆ առաջին տեղակալ նշանակելու որոշմանը, Տիրան Խաչատրյանը նշեց, որ դա նշանակում է ԳՇ-ի ամբողջական վերահսկում, ինչը թուլացնում է ԳՇ-ի դիրքերը:

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ այս փոփոխությամբ՝ կվերացվի խզումը ԳՇ-ի և ՊՆ- ի միջև, քանի որ պատերազմի ժամանակ, այդպես էլ պարզ չեղավ, ով էր մեղավորը և մեկը մյուսին վրա էին գցում, Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Դրա համար պատերազմի ժամանակ պետք է պարտականությունների բաշխում կատարվեր, դեռևս 2019 թվականին, ներկայացրել էինք մեր դիտարկումները, որ կրկնվող պարտականություններ կան, պետք է հստակեցվեն, որպեսզի հակասություններ չլինեն: Առաջարկել էինք, որ ամբողջ ՊՆ կառուցվածքը լիներ զինվորական՝ նախարարից սկսած, այդ դեպքում շատ խնդիրներ չէին առաջանա, որոշումը չեն մերժել, բայց անընդհատ հետաձգել են»:

Անդրադառնալով Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ Իսկանդերի օգտագործման խայտառակ պլան է հաստատել, Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի բան կարող է ասել զինվորականությունից շատ հեռու մարդ,  եթե զորքերի կիրառման պլան է մշակվել, ապա զորքերի կիրառման պլանը, հրթիռների արձակման թույլտվությունը ԳՇ պետի հետ կապ չունի: ԳՇ պետը կարող է առաջարկներ ներկայացնել, բայց կիրառման պլանը հաստատավում է անվտանգության խորհրդում, իսկ հրթիռների արձակումը միայն Գերագույն հրամանատարի թույլտվությամբ է տեղի ունենում: Այս մարդիկ թյուր պատկերացումներ ունեն ու գիտելիքներ չունեն հասկանալու համար, թե ո՞վ, ինչի՞ համար է պատասխանատվություն կրում: Եթե նույնիսկ պլանի մասին է խոսք գնում, դրա  պատասխանատվությունն Օնիկ Գասպարյանինը չէ, իսկ հաստատողն ու թույլ տվողը ո՞վ էր, Օնիկ Գասպարյանը չէր կարող հաստատել այդ պլանը»:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ