Աղվան Հովսեփյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ պաշտպանը միջնորդեց գրավ կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

photo_2022_05_16_15_06_36.thumb_.jpg

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստը, որը դատարանը հրավիրել է՝ քննարկելու Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխման հարցը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ արձանագրելով, որ առկա են բոլոր նախադրյալները՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Փաստաբանը հրապարակեց բժշկական փաստաթղթեր՝ ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները, որոնց թվում է նաև շաքարային դիաբետի 2-րդ տիպը, ինչն ակնհայտորեն անհամատեղելի է կալանքի հետ։ Ընդ որում, պաշտպանն ընդգծեց, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Հովսեփյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ կալանավորման պայմաններում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Փաստաբանը հիշեցրեց նաև ՄԻԵԿ 3-րդ հոդվածը, որը սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, դա մարդու իրավունքների լուրջ խախտում է, իսկ առկա հիվանդությունների պայմաններում ազատ չարձակելը կդիտվի խոշտանգում։

Ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու շրջանակներում, ըստ փաստաբանի, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գործը գտնվում է դատական քննության փուլում և որ նշված պայմաններում դատարանը չունի կաշկանդվածություն՝ գործի քննությանը խոչընդոտման ռիսկի տեսանկյունից, ընդ որում, գործով վկաները նախաքննության ընթացքում բազմաթիվ ցուցմունքներ տվել են։

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաև Աղվան Հովսեփյանի՝ կալանքի տակ գտնվելու տևողության վրա, մասնավորապես, անձն արդեն 9 ամիս է, ինչ կալանավորված է, իսկ կալանավորման տևողությունը էական գործոն է հավասարակշռությունը հաստատելու հարցում, անձի շարունակական կալանքի տակ պահելը պետք է պարբերաբար վերանայվի՝ դատական իշխանության կողմից։ Միակ հիմքը, որը նշված էր դատարանների կողմից կալանավորման հիմքում, դրվել է գործի քննությանը հնարավոր խոչընդոտման հավանականությունը, մինչդեռ, գործի քննության տվյալ փուլում էականորեն նվազել է, իսկ կալանավորման տարր հանդիսացող՝ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնը՝ չի կարող բավարար հիմք լինեն՝ սահմանափակելու անձի ազատության իրավունքը, նրա կապերը կամ հեղինակությունը չի կարող բացասաբար մեկնաբանվել։ Ալեքսանյանն ընդգծեց՝ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը փոխվել է, հետևաբար, նախկինում զբաղեցրած պաշտոնները չեն կարող ազդեցություն գործադրելու վտանգի համատեքստում դիտարկվել, ընդ որում, գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները որպես դատախազ են նշանակվել Աղվան Հովսեփյանի կողմից, սակայն որևէ կաշկանդվածություն չկա։ Պաշտպանը միջնորդեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառել գրավ՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, միևնույն ժամանակ արձանագրելով, որ պատրաստ են որպես գրավ վճարել՝ 80 մլն ՀՀ դրամից սկսած։

Ալեքսանյանը զուգահեռներ անցկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեպքի հետ, երբ նույն հիվանդությունների պայմաններում արձանագրվել է, որ դրանք անհամատեղելի են կալանքի հետ։ Պաշտպան Երեմ Սարգսյանը միացավ միջնորդությանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ նման հիվանդությունների պայմաններում անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է։ Փաստաբանը նշեց, որ, եթե խնդիր ունեն անվերջ կալանքի տակ պահելու, ուրեմն ինչ փաստարկ էլ ներկայացվի՝ կարող է բավարար չդիտվել, տպավորություն է, որ կարևորը՝ կալանքի տակ պահելն է․ «Կալանք որ կա՝ էլ ի՞նչ մարդասիրական իրավունք»։

Փաստաբանի խոսքով՝ որևէ ՔԿՀ չունի հնարավորություն ՝նման հիվանդությունների պայմաններում բուժօգնություն ապահովելը։ Փաստաբանը ներկայացրեց նաև պրակտիկան՝ մտահոգություն հայտնելով, որ երբեմն դատարանները խուսափում են հիվանդությունների պայմաններում փոխել խափանման միջոցը՝ նշելով, որ անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել, որը կարող է ամիսներ տևել, այսինքն՝ դատարանները հարցից խուսափելու համար գցում են փորձագետների վրա, մինչդեռ, պետք է հարցին անդրադառնալ՝ դիտարկելով առերևույթ առողջական վիճակը, թույլ չտա, որ իր որոշման պատճառով անձի առողջական վիճակը վատթարացվի։ Փաստաբանի խոսքով՝ եթե ակնկալում են իրավունքի պաշտպանություն, դատարանը պետք է ավելի ակտիվ գործողություններ իրականացնի։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

--00--ԶՀ