Հիմա ԵՊՀ-ում քաո՞ս է, թե այն դարձել է կուսակցական բջիջ. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Հասարակական

Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջի՞ջ է, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ժամանակին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք էր սկսել դպրոցների եւ բուհերի հանրապետականացման դեմ ու ես էլ այդ արշավը ողջունողներից էի։ Մենք սրբազան պայքար էինք մղում տարատեսակ մեծ ու փոքր կուսակցական բազեների դեմ ու որպես «Սանտա-Բարբարա» էինք նայում Նիկոլի բացահայտած «Զիբիլիքսի» շոուն։

Իսկ երբ բուհերը ապակուսակցականացնելու սրբազան գործի համար ողջ կրթական եւ բուհական համակարգը քպ-ացվեց, իսկ քպ-ական Սուրեն Պապիկյանը նշանակվեց ԵՊՀ խորհրդի նախագահ, որ քպ-ական ռեկտորի հետ ուս-ուսի տված պայքարեն իրենք իրենց դեմ, այ էդ նուրբ հոգեբանական սուբլիմացիան անգամ Ֆրոյդը չի կարողացել ընկալել։

Եւ ահա բուհերի քաղաքականացման դեմ ծրագրի շրջանակներում այսօր մայր բուհն ու նրա գրադարանը զարդարվել էին ԱԺԿ քաղաքական կառույցի թռուցիկներով։

Չէ, ես որեւէ պրետենզիա չունեմ տվյալ քաղաքական միավորման դեմ, բայց եթե ԵՊՀ-ն ականապատվեր ՀՀԿ, ԲՀԿ, Դեմկուս կամ՝ «Հայոց մայրեր» կուսակցության թռուցիկներով, նույն լեգիտիմ հարցադրումն ուղղելու էի Սուրեն Պապիկյանին եւ ռեկտոր Հովհաննեսին։

Հիմա ԵՊՀ-ն կուսակցական օթյա՞կ է, թե մայր բուհ-ում պարզապես քաոս է»,-գրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ավելի 24News-ը տեղեկացրել էր, որ Երևանի պետական համալսարանի գրադարանը, ինչպես նաև մասնաշենքերի տարբեր դասասենյակներ այսօր ողողվել են «Ազգային ժողովրդավարական բևեռի» քարոզչական թռուցիկներով։