Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների նվազեցում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24 News

ցույց

Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի եւ Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանի թղթակիցը պատմում Է իրադարձությունների վայրից:

Մի քանի տասնյակ մարդ ձեռքներին պլակատներ են բռնել հետեւյալ մակագրություններով՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորման մասին», «Հնդկաձավարը թանկացել է 80 տոկոսով»: Հավաքվածների խոսքով՝ Վրաստանը տեղ է գտել այն երկրների տասնյակում, որոնց բնակիչներն ապաստան են խնդրում արտասահմանում: «Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր: Երիտասարդությունը մեկնում Է:

Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից: Սա լիակատար աղետ Է»,-ասել է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն: Բողոքողները իշխանություններից պահանջում են՝ փոխել սակագների բարձրացման քաղաքականությունը եւ արմատախիլ անել կոռուպցիան, որը, նրանց խոսքով, կրկին հայտնվել է երկրում:

«Մարդկանց խոստացել են սակագները նվազեցնել կիսով չափ, վառելանյութի գները նվազեցնել առնվազն մեկ լարիով»,-ասել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն: Ակցիաների վայրում մոբիլիզացվել են ոստիկանության պարեկային եւ պահակային ծառայության աշխատակիցները: Հանրահավաքներն անցկացվում են առանց անկարգությունների:

--00—ՄՀ