ՔՊ-ն, ԼՀԿ-ի օգնությամբ, փորձում է իշխանություն զավթել. քաղաքային կառավարումը պարալիզացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

․

Վանաձորում կոլապսային իրավիճակ է․ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ի օգնությամբ, փորձում է Վանաձորում իշխանություն զավթել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը։

Նա հայտնել է, որ Վանաձորում ավագանու աշխատանքները պարալիզացված են, որևէ գործարք հնարավոր չէ կատարել, չկա անգամ համայնքապետի պարտականությունները կատարող անձ։

«Վանաձորում այն կարգի խառնաշփոթ իրավիճակ է, որ ո՛չ մենք ենք գլուխ հանում, ոչ էլ իրավաբանները: Ավագանին չի կարողանում աշխատանքները շարունակել, օրական հարյուրավոր քաղաքացիներ են գալիս քաղաքապետարան, բայց չեն կարողանում իրենց խնդիրները լուծել, որևէ պաշտոնատար անձ չկա, որը կարողանա հասարակ տեղեկանք տրամադրել: Կոլապսային վիճակ է, ավագանու աշխատանքը պարալիզացված է: Չկա մի հիմնարկ, որին մարդիկ կարողանան դիմել, որը խնդիր կլուծի»,-ասել է Դոխոյանը և ընդգծել, որ եթե նույնիսկ խնդիրն օրեր հետո լուծվի, մի քանի օրվա բացը լրացնելու համար երկար ժամանակ է պահանջվելու:

Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

«Լուսավոր Հայաստան»-ը, որն ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժել էր ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։

Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։

«Փաստինֆո»-ի զրույցում Վահե Դոխոսյանն ասել է, որ երեկ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով դատական նիստ պետք է լիներ , սակայն նիստը չի կայացել՝ այն պատճառաբանությամբ, որ կողմերից մեկը՝ ՀԱՍԿ կուսակցության ներկայացուցիչը, ծանուցված չի եղել նիստի մասին: Վահե Դոխոյանի խոսքով՝ դատական նիստ գումարելու կարիք էլ չկար, դատարանն ընդամենը կարող էր որոշում կայացնել և արգելանքը հանել:

Դոխոյանի համոզմամբ՝ ՔՊ-ն փորձում է ձգձգել այս իրավիճակը, որպեսզի կարողանա իր համար ցանկալի լուծման հասնել։

«ՔՊ-ն ցանկանում է Վանաձորում իշխանությունը զավթել, գողանալ, բայց չի հաջողվելու»,-ասել է Դոխոյանը՝ ընդգծելով, որ ՔՊ-ն այս ամենն անում է «Լուսավոր Հայաստան»- ի միջոցով։

«ԼՀԿ-ն պատճառաբանում է, թե ուրիշ ենթատեքստեր չկան, բայց ես ասել եմ՝ ԼՀԿ-ի գործողությունները ցույց են տալիս այլ բան, հայտարարություններն ասում են լրիվ այլ բան: Մենք շատ ենք տեսել, որ ԼՀԿ-ն իր գործունեությամբ ծառայում է իշխանություններին, կամ էլ իշխանությունների հասցեին փոքրիկ քննադատություններ է անում՝ դիվեդենտներ շահելու համար: Այնպես որ, սա իր ոճին համահունչ է, մեզ համար զարմանալի էլ չէ, առաջին անգամը չէ, որ ԼՀԿ-ի պատճառով Վանաձորը տուժում է»,-ասել է Վահե Դոխոյանը:

Նա նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են ռադիկալ քայլերի։

«Փորձում ենք հասկանալ՝ մինչև ո՞ւր են գնալու, որ մենք էլ համապատասխան քայլեր անենք: Մենք պատրաստ ենք ռադիկալ քայլերի, նայած՝ այս իշխանություններն ինչքան կփորձեն շահագործել մեր և վանաձորցիների համբերությունը»,-ասել է Վահե Դոխոյանը:

ՏԻՄ ընտրություններում հաղթած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին դեկտեմբերի 16-ին կալանավորել էր: Վահե Դոխոյանը հայտնել է, որ մինչ օրս Վանաձորը համայնքապետին փոխարինող չունի, նրա պարտականությունները կատարող էլ չկա։

«Վանաձորը բարձիթողի վիճակում է: Մենք ասել ենք․ խնդիրը Մամիկոն Ասլանյանը չի, նստացրել եք, անօրինական փակել եք, բայց եթե խնդիր չունեք, նիստ արեք, կարող է ուրիշ մարդ ընտրվի: Կարելի՞ է վանաձորցիներին այս օրին հասցնել, վանաձորցիները հարկ են վճարում, որպեսզի այս իշխանություններն ամեն ամիս պարգևավճարներ ստանան, բայց վանաձորցիների օրինական պահանջները չեն լուծվում։ Այսպես չի կարելի, վաղուց արդեն կարմիր գծերը հատել են »,-ասել է Վահե Դոխոյանը։

Նա տեղեկացրել է, որ վաղը՝ հունվարի 19-ին դատական նիստ է լինելու՝ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու հարցով։

--00--ԱՀ