Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. ճակատ ճակատի բախվել են Opel-ը և Mercedes-ը․ վերջինս վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1_0

Դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմանում Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է   shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր նախ կանխել են Mercedes-ում առաջացած կրակի տարածումը դեպի վթարված Opel, ապա մարել են այն։ Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր