Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը մերժվել է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Վաչագան Ղազարյան

Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

2019 թվականի մայիսի 17-ին Վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, բավարարել էր Վաչագան Ղազարյանի հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այժմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)՝ պարտավորեցնելով հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանի բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս։ Հանձնաժողովի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատական ակտը։

Հատկանշական է, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ ապօրինի հարստացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացնող հիմքով։ Քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման հիմքում ՀՔԾ քննիչը մատնանշել է այն հանգամանքը, որ ԱԱԾ ՊՊԾ պետի առաջին տեղակալը 2018 թվականի ապրիլի 9-ից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկից հանվել է, հետևաբար, Վաչագան Ղազարյանը, որն զբաղեցնում էր նշված պաշտոնը, ապրիլի 9-ից դադարել է հայտարարատու պաշտոնատար անձ լինելուց։

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վաչագան Ղազարյանն առարկել է բողոքի դեմ՝ նշելով, որ այն անհիմն է, իսկ բողոքարկվող վճիռն օրինական է ու հիմնավոր, քանի որ կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահպանմամբ:

Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել հանձնաժողովի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

--00--ԱՀ

Տեսանյութեր