Հանրահավաքներով հնարավոր չի լինի հակաիշխանական մեծ շարժում բորբոքել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Քաղաքական

Ընդդիմությունը կարող է անուղղակի ազդել տարածաշրջանային գործընթացների վրա, ուղղակի չի կարող, որովհետև իշխանություն չէ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ նոյեմբերի 8-ին նախատեսած հանրահավաքին։

Հանրահավաքի գլխավոր կազմակերպիչը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է։

«Հանրահավաքը մի քանի նպատակ ունի՝ ուժի ցուցադրում, առաջնահերթ տեղեկությունների տարածելում, իսկ հիմա այսպիսի հանրահավաք չի իրականացվում, որովհետև սոցցանցերը հիմա շատ արագ տեղեկություններ տարածում են։ Եթե դու հանրահավաք կազմակերպեցիր, և դրան Ազատության հրապարակում մասնակցեց առնվազն 35-40 հազար մարդ, նշանակում է, որ դու ինքդ ուժեղ ես և իշխանություններին թույլ չես տալու իրականացնել այս կամ այն արտաքին քաղաքական փաստաթղթի ստորագրումը։ Իհարկե այդ ձևով ընդդիմությունը կարող է անուղղակի ազդել տարածաշրջանային գործընթացի վրա, ուղղակի չի կարող, որովհետև իշխանություն չէ», - ասաց Բադալյանը։

Նոյեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի կազմակերպման համար առիթ են դարձել նոյեմբերի 8-ին կամ 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումն ու դրա շրջանակներում հնարավոր փաստաթղթերի ստորագրումը, որը կարող է վերաբերել սահմանային դեմարկացիայի, դելիմիտացիայի իրականացմանը։

«Եթե շատ մարդ գա հանրահավաքին, ասենք՝ 50 հազար մարդ, դրանով կարող են ուժ ցույց տալ, որ «գիտե՞ս՝ ինչ, ստորագրվելիք, նախապատրաստվող փաստաթուղթը պետք է վերափոխես կամ չստորագրես»։ Այսինքն՝ դա լավագույն դեպքում, իսկ իրականում՝ գրեթե զրոյական ազդեցություն», - եզրափակեց քաղտեխնոլոգը։

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը դժվարացավ ասել՝ կարո՞ղ է հանրահավաքն ազդեցություն ունենալ, թե՞ ոչ։

«Որովհետև դա անմիջապես կապված է, այսպես կոչված, փաստաթղթի ստորագրման հետ։ Բայց մինչև այսօր մենք դեռ հստակ չգիտենք՝ արդյո՞ք օրակարգում կա նման բան, եթե կա, դա ի՞նչ փաստաթուղթ է։ Երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Զախարովան հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, երբ որ լրագրողը հարց տվեց՝ «կա՞ այդպիսի բան»։ Պաշտոնական հայտարարություն չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի կողմից։ Բայց ինչպես ասում են՝ «առանց կրակ ծուխ չի լինում», հավանաբար ինչ-որ բան պետք է ստորագրվի հետագա համագործակցության մասին», - նշեց Քեռյանը։

Ըստ քաղաքագիտության դոկտորի՝ եթե հնարավոր փաստաթուղթը լինի այնպիսի բովանդակությամբ, որն ընդդիմությունը կարողանա ներկայացնել որպես իշխող ուժի հերթական զիջումը, անհիմն զիջումը կամ քայլ ուղղված ազգային-պետական շահերի դեմ, հնարավոր է, որ հանրահավաքը լինի բազմամարդ։ «Բայց քանի դեռ նման փաստաթուղթ չկա, ենթադրել, թե միտինգը կունենա ազդեցություն, թե ոչ, ինձ թվում է վաղաժամ է, որովհետև միտինգի թիրախը լինելու է փաստաթուղթը»։

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես հանրահավաքով ներքաղաքական և տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու հնարավորությանը, ապա քաղաքագիտության դոկտորը կարծում է, որ ոչ, ազդել հնարավոր չէ։

«Սովորաբար ներքաղաքական կյանքում միշտ լինում են դինամիկ վերելքներ և վայրէջքներ։ Հիմա պատերազմից հետո ինչ-որ մի տեղ ընդդիմադիր շարժման վերելք էր՝ պայմանավորված պարտությամբ (44-օրյա պատերազմում), բայց շարժումը պարտվեց ընտրություններում։ Եթե ընտրությունները տեղի չունենային, գուցե այլ քաղաքական իրավիճակ ստեղծվեր։ Քանի որ ընտրություններով արդեն իշխող ուժի դիրքն ամրապնդվեց, ես չեմ կարծում, թե հանրահավաքներով հնարավոր լինի այսպես ասած հակաիշխանական մեծ շարժում բորբոքել։ Բայց միևնույն ժամանակ պնդում եմ նաև, որ ամեն ինչ կախված է ստորագրվելիք փաստաթղթից։ Եթե այդ փաստաթուղթն այնպիսի զիջողական լինի, որ հանրային մեծ դժգոհություն առաջացնի, հնարավոր է որոշակի շարժման վերելք նկատվի։ Բայց եթե այդ շարժամ նպատակը լինելու է իշխանափոխությունը, այստեղ ես պեսիմիստորեն եմ տրամադրված։ Դժվար թե այդ նպատակին կարողանան հասնել», - եզրափակեց Գարիկ Քեռյանը։