Ընդդիմությունը չի կարող խափանել աշխարհաքաղաքական վիճակով պայմանավորված ԼՂ շուրջ զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

քաղաքական

Ընդդիմությունն ավելին չի կարող անել, որովհետև հիմա աշխարհակարգի շատ կտրուկ փոփոխություն է տեղի ունենում։ Այս մասին 24News-ին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է աներ ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների հետ կապված։

Ապրիլի 13-ին Փաշինյանն Ազգային ժողովում ելույթ ունենալիս ասել էր․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։ «Հակառակ դեպքում», - ասում է միջազգային հանրությունը, - «մեզ վրա հույս չդնեք»»։ Ապրիլի 14-ին կառավարության ղեկավարն ԱԺ-ում ասել էր․ «Մենք խոսում ենք Հայաստանի լինել-չլինելու մասին» 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքերով, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել՝ պայմանավորված ռուս-ուկրաինական կոնֆլիկտով։ «Արցախյան խնդիրը մինչև ռուս-ուկրաինական խնդիրն ուրիշ էություն ուներ, հիմա ուրիշ էություն ունի։ Եթե հիշում եք, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցրին 2 տարբեր մոտեցումներ։ Մասնավորապես, Լավրովն ասաց, որ Մինսկի խմբի համանախագահություն չկա, իսկ Հայաստանի ԱԳ նախարարն ասաց, որ կա։ Դրանից հետո Միրզոյանը հանդիպեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ։ Հանդպումից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության դիրքորոշումը հայտնեց Արցախի հետ կապված։ Ոչ միայն տարաձայնություններ կան մյուս համանախագահների հետ, այլև ՌԴ ղեկավարությունը քայլեր է իրականացնում իր ասածներն իրականություն դարձնելու համար»։ 

Բադալյանը նշեց, որ ընդդիմությունը փորձում էր գնալ Արցախ, խաղաղապահ ուժերը թույլ չտվեցին մտնել Արցախ, «ինչը նշանակում է, որ խաղաղապահ ուժերը պայմանականորեն ասած իրենց վրա են վերցնում ԼՂ-ի դրսի դռան բանալիները»։ «ՌԴ-ն նշել է, որ Մինսկի խումբ չկա։ ՌԴ-ն ոչ միայն ձևաչափն է չեզոքացնում, այլև Եվրամիությանը, մասնավորապես Ֆրանսիային ասում է, որ «դուք Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցություն չեք ունենալու, ես եմ ունենալու»։ Դա փոխում է գործողությունների հնարավոր զարգացումները

Երեկ ՌԴ ղեկավարությունը կոնկրետ դիվանագետի անուն նշեց, որը զբաղվելու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման գործընթացով, այսինքն՝ ինչը որ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում էին Բրյուսելում անել, դա էլ է չեզոքացնում։ Նման պայմաններում ընդդիմությունն ավել գործողություն չի կարող անել։ Աշխարհակարգի փոփոխության կամուրջի վերջը հասկանալու համար պետք է մի քանի օր էլ սպասել։ Պետք է սպասել՝ մինչև Հայաստանի ղեկավարը ապրիլի 19-ին գնա Ռուսաստան։ Երբ որ այնտեղ ինչ-որ համաձայնություններ կկնքեն, նոր կարող է ընդդիմությունն արձագանքել», - ընդգծեց Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ ընդդիմության արձագանքն այս պահին խորհրդանշական բնույթ է կրում՝ Արցախի դրոշներ են բարձրացնում, մարզերում հանդիպումներ են ունենում։ «Հին համակարգը կոտրվում է, նորն է ձևավորվում, հենց այս կոտրման մեջտեղում լինելով՝ չես կարող ամբողջ պատկերը տեսնել և ըստ այդմ էլ որոշել՝ ի՞նչ անես ուրիշ։ Այստեղ նաև դերակատարում ունի հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցողը, որի մասին բազմիցս նշել եմ։ Հասարակության գիտակցության մեջ, արժեհամակարգում էական փոփոխություններ կրում և այդ փոփոխությունների կրման գործընթացը մեղմ ասած չի խթանում ակտիվ քաղաքական գործընթացները։ Խիստ բարդ անցումային կետում ենք գտնվում, որը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն ամեն ինչ հասկանալ։ Ընդդիմությունը կարող է ձևական հանրահավաքներ անել, բայց դա ի՞նչ կտա, ոչ մի բան։ 2 շաբաթ առաջ էլ հանրահավաք արեց, մոտ 15 հազար մարդ եկավ, հիմա մի քիչ ավելի շատ մարդ կարող է գալ», - եզրափակեց Բադալյանը։