Գյումրու ուժերի համար սպասելի էր ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի միջև հուշագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքական

Գյումրու ընդդիմադիր ուժերի համար սպասելի էր ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի միջև հուշագրի ստորագրումը, սպասելի էր, որովհետև ակնհայտ երևում էին ճնշումները՝ ստուգումներ, ձերբակալություններ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» կուսակցությունների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը։

Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան դաշինք»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվում է  «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու տեղակալները՝ «Քաղաքացական պայմանագր»-ից։

«Մենք հրապարակային ներկայացրինք համագործակցության առաջարկը՝ նաև դրանով ցույց տալով մեր զորակցությունը «Բալասանյան դաշինք»-ի այն անդամներին, ովքեր ռեալ  պատկերացնում էին իրականությունը և չէին ուզում համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Բայց, ինչպես ասում է, ճնշումներն իրենց հետքը թողեցին, և «Բալասանյան դաշինք»-ն ի վերջո ստորագրեց հուշագիրը», - նշեց «Զարթոնք» կուսակցության ղեկավարը։

Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենց թիմն աշխատելու է գյումրեցիների շահերը պաշտպանելու ուղղությամբ։ «Այսինքն՝ ունենք 4 մադատ։ Եվ 4 մանդատը լիարժեք օգտագործվելու է գյումրեցիների շահերը պաշտպանելու համար»։

Նա նշեց, որ այլ ուժերի հետ դեռևս չեն քննարկել և որևէ ռազմավարություն չեն մշակել որպես ընդդիմություն։ «Առաջնային կարևոր հարցը համայնքի ղեկավարի ընտրության հարցն էր։ Այս հարցով քանի որ «Բալասանյան դաշինք»-ն էր ամենաշատ ձայներ հավաքածը, մեր ձայների հետ միասին կարողանում էր ձևավորել տեղական իշխանություն, բայց քանի որ այսպես որոշվեց, բնականաբար ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող ենք անել»։

Զոհրաբյանի խոսքերով՝  «Զարթոնք»-ի ավագանու անդամներից որևէ մեկը պաշտոն չի զբաղեցնում, իսկ պաշտոն ստանալու հավանականության մասով նշեց, որ դա պետք է լինի պայմանավորվածությունների արդյունքում։ «Իսկ քանի որ մենք չունենք պայմանավորվածություն, այս պահին նման հարցի մասին խոսելը, կարծում եմ, ժամանակավրեպ է», - եզրափակեց Արա Զոհրաբյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Կարեն Մալխասյանի համար նույնպես սպասելի էր դեպքերի այսպիսի զարգացումը։ «Ոչ մի բան չի բացառվում։ Այսօր առաջին նիստն է, քաղաքապետի ընտրությունը լինի, հետո արդեն կհասկանանք՝ ինչպես ենք աշխատում», - ասաց նա։

«Բանականաբար բոլորի հետ համագործակցելու ենք ի շահ Գյումրու, եթե ի շահ Գյումրու գործեր են բերելու», - եզրափակեց Մալխասյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը 24News-ի հետ զրույցում բացառեց, որ ՀՀԿ-ն ՔՊ-ի թեկնածուին կընտրի։ «Գյումրեցիների որոշելու հարցն է», - եզրափակեց Շարմազանովը։

Հուշագրով «Բալասանյան դաշինք»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն համայնքի կառավարման համար:

Գյումրիում հոկտեբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր»-ը (7785 ձայն), «Զարթոնք»-ը (2793 ձայն, Ապրելու երկիր»-ը (1489 ձայն), ՀՀԿ-ն (1333 ձայն)։

«Բալասանյան» դաշինք ստացել է 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 11, «Զարթոնք»-ը ՝ 4, «Ապրելու երկիր»-ը՝ 2, ՀՀԿ-ն՝ 2։

--00--ԿԿ