«Մարշրուտկաների» թիվը կնվազի. հենց հիմա լաստանավով Փոթի են գալիս նոր և մեծ ավտոբուսներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հենց հիմա լաստանավով Փոթի են գալիս նոր և մեծ ավտոբուսներ, մարշրուտկաների թիվը կնվազի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

Խոսելով ապօրինի կառուցապատումների և համայնքի սեփականությունների օտարման մասին՝ Կարապետյանը վստահեցրեց, որ 90-ականներին և 2000-ականներին Երևանում հսկայական հողեր են սեփականաշնորհվել, որոնց օրինականությունը կարելի է վիճարկել, բայց դա շատ բարդ խնդիր է։ 

Կարապետյանը նշեց, որ ապօրինի շինությունների ապամոնտաժումը լայն թափ հավաքեց հունիսի 20-ի ընտրություններից հետո։ Իրավապահներն ավելի շատ ժամանակ ունեին այդ գործերով զբաղվելու համար։

Անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին հնչեցրած ՔՊ-ի քննդատություններին՝ Հակոբ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը գնահատել է ոչ թե քաղաքային իշխանության աշխատանքը, այլ խոսել Մարությանի՝ քաղաքական գործընթացներին չմասնակցելու մասին։ «Երևանի ընտրությունները 2023-ին են, և պետք չէ ինչ-որ ենթադրություններ անել»,-շեշտեց քաղաքապետի խոսնակը։

Կարապետյանը նաև հումորով նկատեց, որ Հայկ Մարությանի վրա սև ամպեր են կուտակվել պաշտոնավարման հենց առաջին շաբաթից։

«Լրագրողները անընդհատ գրում են նրա ենթադրյալ հրաժարականի մասին, ինքն էլ ամբողջ օրը հերքում է»,-հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ