Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

«Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղանստանը ժողովրդավարական երկիր չի լինելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Հաշիմին ասել է «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում:

«Թալիբանի» ներկայացուցչի խոսքով՝ երկիրը ղեկավարելու է թալիբների խորհուրդը:

«Ժողովրդավարական ոչ մի համակարգ էլ չի լինելու, քանի որ մեր երկրում դրա համար ոչ մի հիմք չկա: Մենք չենք բանավիճելու այն հարցի շուրջ, թե քաղաքական ինչ համակարգ է պետք Աֆղանստանին, քանի որ այդ հարցի պատասխանը հստակ է՝ շարիաթի օրենքները», - ասել է «Ռոյթերսի» զրուցակիցը:

Վահիդուլլահ Հաշիմին նաև նշել է, որ նոր իշխանության օրոք Աֆղանստանի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան: Իր դիրքով Ախունդզադան ավելի բարձր է լինելու, քան թալիբների խորհրդի ղեկավարը, որի դիրքը Վահիդուլլահ Հաշիմին համեմատել է նախագահի պաշտոնի հետ:

--00--ԱՀ