Ցուցուլյանը կարգադրել է մարտական հաշվարկում ամենագնացներ ընդգրկել, հսկողություն իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դ

Ապրիլի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, գործունեության արդյունքները, առկա խնդիրները։

Զեկույցներով հանդես եկան ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, առաջացած հարցերը և ձեռնարկված միջոցառումները։

Լսելով ընթացիկ զեկույցները՝ Կամո Ցուցուլյանը մատնանշեց տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները: Նա պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց առավելագույն ջանքեր ներդնել՝ ի հայտ եկած խնդիրները վեր հանելու և լուծելու ուղղությամբ։

Ամառային սեզոնին ընդառաջ՝ ՓԾ տնօրենը հատուկ ուշադրություն հրավիրեց կանխարգելիչ գործողությունների իրականացման և հրդեհային անվտանգության կանոնների ապահովման աշխատանքներին: Նա Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրեց մարտական հաշվարկում ընդգրկել «POLARIS» մակնիշի ամենագնացները, հերթապահություններ սահմանել և մշտական հսկողություն իրականացնել բարդ ռելիեֆով առանձնացող և դժվարամատչելի տարածքներում՝ հանգստյան գոտիներում, տեսարժան վայրերում՝ հատկապես մարդաշատ տեղանքներում՝ դեպքերին առավել արդյունավետ և օպերատիվորեն արձագանքելու, հրդեհների առաջացումը բացառելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Փրկարար ծառայության տնօրենը ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետին հանձնարարեց լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել շահագրգիռ ստորաբաժանման ներգրավմամբ՝ վեր հանելու հնարավոր բոլոր խնդիրները, վերահսկելու օպերատիվ տակտիկական և մարտավարական ուղղություններով անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ բացառելով խախտումները։

Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ: Կամո Ցուցուլյանը քննարկված հարցերի վերաբերյալ տվեց անհրաժեշտ հանձնարարականներ։

--00—ՍՊ