Ո՞նց եք Աստծուն հոգի տալու․ ԱԱԾ պահեստազորի սպաները՝ դիերի պահման պայմանների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել Կոտայքի մարզում գործող Դատաբժշկական կենտրոնում պահվող՝ զոհված զինծառայողների դիերի մասով։

«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել», -հասարակական ակնհայտ ճնշման տակ անկեղծացել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով վերջերս պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հարազատ իշխանության կողմից տիկին նախարարի բացառիկ վաստակն ակնհայտորեն գնահատվեց նաև այս բացթողնման համար։

Նախարարը խոստովանությունից այն կողմ քայլ էլ է կատարել՝ իր գլխավորած կառույցի կողմից ծառայողական քննություն նշանակելով դիակների պահման դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում։ Բնականաբար հասարակական ակնհայտ ճնշման տակ, թե չէ դիակները երբվանից են գտնվում նշված վայրում։

Ուշացած մեղանչողների համար ենք հատուկ հարցնում՝  ինչո՞ւ եղածին չի տրվում իրավական գնահատական: Ծառայողական քննությամբ կաշի պրծացնելու փորձ կատարող սրբապիզծներ, ուզում ենք պարզ հարց տալ՝ դուք ո՞նց եք կուլ տալիս այս ամենը, ո՞նց եք քնում գիշերները, ո՞նց եք Աստծուն հոգի տալու։

Հիշեցնենք, որ համացանցում լուսանկարներ էին հրապարակվել Կոտայքի մարզում գործող Դատաբժշկական կենտրոնից, որոնցում երևում էին դիերի պահման անմխիթար պայմաննները։ 

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը արձագանքել էր դեպքին՝ հայտարարելով, որ դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում է ներողություն խնդրել բոլոր հարազատներից:

«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,-ասել է նա, ապապ հավելել, որ արձանագրված փաստի առնչությամբ կիրականացվի ծառայողական քննություն համապատասխան հետևանքներով:

--00—ԼՄ