23-ամյա մի երիտասարդն Արցախից ապօրինի «Մակարով» և փամփուշտներ էր բերել․

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։ Տեղեկություններն իրացվեցին մայիսի 1-ի երեկոյան։

Կասկածվողը մայրաքաղաքի Դանիել Վարուժանի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Նախնական տվյալներով՝ ատրճանակը բերվել էր անցած տարի՝ Արցախից։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

--00—ՄՀ