Ապրիլի 4-ին Քրիստոսի Հարության տոնն է. ինչո՞ւ Ս. Զատիկ, և ինչո՞ւ է ձուն կարմիր ներկվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը 5 տաղավար տոներից մեկն է: Այն շարժական է, այս տարի նշվում է ապրիլի 4-ին:

Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Կարևոր սովորույթ է Զատկին ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը՝ ջրի, իսկ դեղնուցը՝ երկրի: Ձուն կարմիր ներկելով՝ հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը՝ Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը:

Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի ձուն դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ՝ երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ՝ երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ՝ Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների: Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան գույնի՝ դրանով ասելով Տիրոջը. «Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ»:

Սուրբ Զատկի տոնին Հայ Առաքելական Եկեղեցին պատարագ է մատուցում՝ ավետելով Քրիստոսի հարությունը: Հավատացյալները պատարագի ավարտին որպես ավետիս իրար ասում են. «Քրիստոս հարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է հարութիւնը Քրիստոսի։ Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

--00—ԼՄ