Ֆեյսբուքում ինձ համարում են, օրինակ, մասոն, անգամ՝ Ջեյմս Բոնդ․ Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին:

Իլյա Դորոնով- Ռուսաստանում կարծիք կա, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել են: Արդյո՞ք ներկա քաղաքական ճգնաժամի պատճառները թաքնված չեն հենց այստեղ:

- Սա ավելի շատ գնահատական է Ռուսաստանից, քան Հայաստանից: Բնականաբար, Հայաստանում կան տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր հետաքրքրություններ: Հարցին դժվար է միանշանակ պատասխանել, և միաժամանակ, նաև շատ հեշտ է: Պարզ պատասխանն ակնհայտ է՝ ով էլ լինի իշխանության Հայաստանում, վաղ, թե ուշ հասնում է այն եզրահանգման, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորական բնույթ չունեն: Դրանք ոչ միայն բազմադարյան են, այլև այնքան խորը, որ դժվար է էմոցիոնալ տեսանկյունից գնահատել:

Ես ողջ աշխարհում հանդիպել եմ հայերի: Անկախ նրանից, թե որտեղ էին նրանք գտնվում՝ Բուենոս Այրեսում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում կամ այլուր, նրանց մեծամասնությունը հաստատում է, որ Հայաստանի լավագույն բարեկամը Ռուսաստանն է: Եթե հարցնես՝ ո՞վ է Հայաստանի լավագույն բարեկամը, 100 հոգուց 99-ը կպատասխանի՝ Ռուսաստանը: Եվ նրանք այն հայերն են, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Եվ ոչ միայն հայերը: Նույն կարծիքի են նաև եվրոպացի կամ արևմտյան քաղաքական գործիչները, ում հետ քննարկում ենք Հայաստանի ապագան կամ այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունները: Նրանց ընկալումն այն է, որ ամեն դեպքում Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է: Այդ հարաբերություններն այնքան խորն են, որ դա ոչ միայն այստեղի, այլև Արցախի, Ռուսաստանի հայերն են նշում...

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ դա հաստատուն է:

- Այո, դա հաստատուն է: Աշխարհը հենց նման հաստատունների վրա է կարողանում գոյություն ունենալ:

Կարևոր են ևս երկու գործոններ, որոնք նույնպես հաստատուններ են: Դրանցից մեկը վստահությունն է, մյուսը՝ կանխատեսելիությունը: Մեր հարաբերությունները պետք է լինեն այնքան հասկանալի և խորը, որ անվերապահ վստահենք իրար: Պետք է լինի կանխատեսելիություն, քանի որ անկանխատեսելիությունը նման հարաբերություններում և այսպիսի աշխարհում խիստ վտանգավոր է: Այսինքն, դու պետք է կանխատեսելի գործընկեր ունենաս:

Իլյա Դորոնով- Խոսելով կանխատեսելիության մասին. երկրում քաղաքական ճգնաժամի պատճառներից մեկը պարտությունն է պատերազմում: Մի քանի տարվա դադարից հետո նորից պատերազմ եղավ: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր էր խուսափել նախորդ տարի տեղի ունեցած պատերազմից:

- Գիտեք, դա մաթեմատիկական այն կատեգորիաներից է, որն անվանվում է «եթե», ռեկուրսիվ ֆունկցիան է: Իսկ իրականում, կարծում եմ, հնարավոր էր. մոտ 30 տարի ես տարբեր ժամանակահատվածներում զբաղվում էի հայկական դիվանագիտությամբ, հանդիպում էի տարբեր երկրների ղեկավարների, և կարծում եմ՝ մշտապես հնարավոր է գտնել նմանատիպ խնդիրների կարգավորման տարբերակներ՝ առանց ռազմական գործողությունների:

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո կար կազմակերպություն, որը զբաղվում էր այդ հարցով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր երեք համանախագահներով՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ:

Իլյա Դորոնով- Իսկ Բաքվում ասում էին և հիմա էլ հայտարարում են, թե Մինսկի խումբը ոչինչ էլ չի արել:

- Դա հիմա են ասում: Իսկ երբ վերադառնանք ակունքներին, երբ ամեն բան նոր էր սկսվում, բոլորն ասում էին, որ Մինսկի խումբը կարող է գտնել խնդրի լուծումը: Կար շփման, երկխոսության մեխանիզմ:

Եթե նայենք մեր տեսանկյունից, թե ինչ սխալներ ենք արել, դրանցից մեկն այն է, որ մենք սկսել էինք հավատալ նրան, ինչին ցանկանում էինք հավատալ կամ ինչը երազանք էր: Մեզ թվում էր, թե պատերազմն ավարտվել է, և հարցն արդեն լուծված է: Սակայն այն հեռու էր լուծված լինելուց, իսկ Ադրբեջանն անդադար խոսում էր ապագա պատերազմի մասին: Հստակ քայլեր անելու փոխարեն, օրինակ՝ Ղարաբաղի պաշտպանունակությունն ամրացնելու, ավելի ժամանակակից ռազմական ենթակառուցվածքներ ունենալու, տնտեսապես Ղարաբաղն ավելի արդյունավետ դարձնելու, ժողովրդագրական խնդիրներ լուծելու...

Մյուս դիտարկումը հետևյալն է. ցավոք, Հայաստանը, որպես 21-րդ դարի երկիր, որը փնտրում է ինքն իրեն (եթե առաքելություն չկա, դու սկսում ես ինքդ քեզ փնտրել), նայում էր աջ կամ ձախ՝ մտածում էր այս կամ այն կառավարման համակարգը՝ նախագահական կամ խորհրդարական, փորձելու մասին՝ կարծելով, որ միգուցե այն ավելի ժողովրդավարական է... Բայց այս, պայմանական ասած, ժողովրդավարական միջավայրում ի հայտ եկավ երկու Հայաստան՝ մեկն իրական Հայաստանն է, որտեղ տնտեսական, սոցիալական, մարդկային ճգնաժամ է, իսկ մյուսը վիրտուալ է՝ հիմնված սոցցանցերի վրա: Այս երկու Հայաստանները ոչ մի կերպ չեն առնչվում մեկը մյուսի հետ:

Նույն ֆեյսբուքում ինձ համարում են, օրինակ, մասոն, անգամ՝ Ջեյմս Բոնդ....Իրականում ես երկար տարիներ ընկերական հարաբերություններ եմ ունեցել ոչ թե Ջեյմս Բոնդի, այլ... հայտնի խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի հետ: Նրա կինը՝ Գոհար Վարդանյանը, և մայրս դեռ Թեհրանում էին ընկերություն անում: Գևորգ Վարդանյանը ֆենոմենալ մարդ էր, և ինչ-որ առումով եղել է նաև իմ ուսուցիչը, եթե նա լիներ գիտնական, հավանաբար, հայտնի ակադեմիկոս կդառնար, եթե լիներ բիզնեսմեն, ապա, հավանաբար, միլիարդատեր կլիներ...

--00—ՄՀ