Ինժեներական քաղաքում գործող Պոլիտեխնիկականի ամբիոնը կրթական նոր ծրագրեր է առաջարկում 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1

Ինժեներական քաղաքում գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«2020թ․ փետրվարին Ինժեներական քաղաքում հիմնված բազային ամբիոնն իրականացնում է կրթական նոր ծրագրեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման հեռանկարները:

Ամբիոնն ստեղծվել և գործում է Ինժեներական քաղաքի գիտատեխնիկական հենքի վրա՝ նպատակ ունենալով ինժեներական քաղաքի առաջատար ինժեներական փորձը և գիտելիքը ներգրավվել Պոլիտեխնիկական համալսարանում:

Այժմ բազային ամբիոնը իրականացնում է երկու բակալավրական կրթական ծրագիր՝

• Չափիչ սարքավորումներ և համակարգեր

• Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր

Ինչպես նաև իրականցվում են արտադասարանային մի շարք լրացուցիչ դասընթացեր Ինժեներական քաղաքում:

Բազային ամբիոնն այժմ զբաղվում է մագիստրոսական նոր ծրագրերի մշակմամբ, որոնք կմեկնարկեն 2021 թվականի սեպտեմբերից: Կրթական ծրագրերում ներգրաված են Ինժեներական քաղաքի բարձր որակավորում ունեցող պրակտիկ ինժեներներ և Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական կրթության մեջ մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ և դասախոսներ:

Ամբիոնը, տեղակայված լինելով Ինժեներական քաղաքում, հնարավորություն ունի օգտագործելու այնտեղ գտնվող արտադրական ենթակառուցվածքները, լաբորատորիաները և սարքավորումները, ինչը շատ կարևոր է որակյալ ինժեներական կրթության համար:

Ամբիոնի ուսանողների գործնական, կուրսային, դիպլոմային և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են Ինժեներական քաղաքի ընկերություններում ժամանակակից և պահանջված թեմաներով: Սովորելով պրոֆեսիոնալ ինժեներական միջավայրում, ուսանողների մոտ ձևավորվում է հստակ պատկերացում, թե ինչ է ինժեներությունը, ով է ինժեները և մասնագիտական զարգացման ինչ ուղղություններ կան:

Ամբիոնի շրջանավարտները հնարավորություն են ստանում նաև աշխատելու Ինժեներական քաղաքի ընկերություններում»,- գրել է Արշակյանը:

--00—ԼՄ