Տոնական օրերին սննդային թունավորումներ ընդհանրապես չենք ունեցել. Թագուհի Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

հասարակական

«Շտապօգնություն» ՓԲԸ-ն 2020 թվականի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսի 15 420 կանչ։

«Առավելագույնը սպասարկել ենք մայիսին՝ 2580 կանչ, իսկ նվազագույնը՝ օգոսոտոսին՝ 864 կանչ։ Թեև շատ են խոսել այդ մասին, բայց կանչերն ընդհանրապես չեն մերժվել, ուղղակի որոնք անհետաձգելի չեն եղել, ավելի ուշ են սպասարկվել», - վիճակագրական տվյալներ ներկայացնելով անցնող տարվա աշխատանքների մասին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա ամանորի տոնական օրերն անցել են ավելի հանգիստ՝ քան անցյալ տարվանը։

«Մեկ շաբաթվա ընթացքում սպասարկել ենք 1377 կանչ ավելի քիչ, քան անցյալ տարի։ Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6533, հիվանդանոց է տեղափոխվել 1204 հիվանդ, որը նախորդ տարվանից պակաս է 453-ով», - ասաց Ստեփանյանը։

Սննդային թունավորումներ ընդհանրապես չեն եղել։

«Ալկոհոլային թունավորում է ստացել 27 հոգի, որոնցից 20-ը տեղափոխվել է հիվանդանոց», - հայտնեց Թագուհի Ստեփանյանը։

--0--ԿԿ