12 կորոնավիրուսի դեպք է եղել շտապօգնության կազմում, ասիմպտոմ են, մեկուսացված են ԲԿ-ներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News       

«Այսօր շտապ օգնության անձնակազմում կա 12 աշխատակից, որոնք կորոնավիրուսով վարակված են. նրանք ինքնամեկուսացված են, նրանց ինքնազգացողությունը լավ է»: Այս մասին լրագրողներին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ստեփանյանը նշել է, որ 12 բուժաշխատողի մոտ հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել. վիրուսը հայտնաբերվել է թեստի շնորհիվ:

Ստեփանյանի փոխանցմամբ՝ մարտ-ապրիլ ամսից մինչև մայիսի 6-ը կորոնավիրուսայի հիվանդության կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 քաղաքացի՝ նշելով, որ շտապ օգնության ծառայությունում պարագաների խնդիր չունեն. «Այսօր բոլոր աշխատակիցներն ապահովվել են մեկանգամյա օգտագործման դիմակներով, խալաթներով և հատուկ հագուստով»:

Թագուհի Ստեփանյանը նաև նշել է, որ եղել են աշխատակիցներ, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ. «Դեպքեր են եղել, երբ բժիշկներն ու բուժքույրերը համավարակի պայմաններում չեն ցանկացել «շտապ օգնությունում» աշխատել: Առավել հաճախ նրանք 50-55 տարեկան բուժաշխատողներն են, և նրանց իրավիճակին ղեկավարությունը ըմբռնումով է մոտեցել: Նրանցից ոմանք արձակուրդ են վերցրել, մինչև իրավիճակը բարելավվի: Նրանցից ոչ ոք աշխատանքից չի ազատվել»։

Նա նաև հայտնել է, որ քիչ չեն եղել նաև այնպիսի բուժաշխատողներ, որոնք բացարձակապես չեն վախեցել կորոնավիրուսից և դիմել են «շտապ օգնություն»՝ այնտեղ աշխատելու համար. «Գրեթե ամեն օր այդպիսի դիմումներ ենք ստանում»: