Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «հարկ եղած դեպքում կկռվի եղունգներով»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նե

Իսրայելական ուժերը մայիսի 9-ին ռմբակոծել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը։ Միևնույն ժամանակ, Կահիրեում հրադադարի շուրջ ընթացող անուղղակի բանակցությունները դադարել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալություն։

Իսրայելցի պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ Իսրայելը վերապահումներ ունի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջարկի վերաբերյալ։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին արձագանքել է ԱՄՆ-ի կողմից զենքերի տրամադրումը դադարեցնելու նախազգուշացումներին։

«Եթե հարկ լինի, մենք կկռվենք մեր եղունգներով, բայց մենք ունենք ավելին, քան եղունգներ», - ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ հանրային կերպով Իսրայելին նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կդադարի զենքերի մատակարարումը, եթե իսրայելական ուժերը ներխուժեն Ռաֆահ։ Սակայն այս նախազգուշացումն արդյունքներ չէր տվել, քանի որ մայիսի 9-ին իսրայելական տանկերն արդեն մոտեցել էին Ռաֆահի արևելյան արվարձաններին։ Իսկ մայիսի 7-ին իսրայելական տանկերը գրավել էին Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ իրենք ունեն Ռաֆահում գործողությունների, ինչպես նաև այլ պլանավորված գործողությունների համար անհրաժեշտ սպառազինությունը։

Անցյալ շաբաթ Բայդենը ստորագրել է Իսրայելին 3500 ռումբերի մատակարարումը կասեցնելու հրաման, քանի որ Վաշինգտոնում կային մտավախություններ, որ դրանք կօգտագործվեն Ռաֆահում։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, գրեթե 35 000 պաղեստինցի է զոհվել, 80 000-ը՝ վիրավորվել։

--00—ԼՀ