Եթե իմ աշխատանքով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24News  

Վահրամ Պողոսյան

Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջեբրայիլից) սկսած, ութ եղբայր եմ ունեցել, ովքեր գտնվել են ռազմաճակատի տարբեր թեժ հատվածներում: Իսկ հորաքրոջս թոռը նշանի մատանին մատին զոհվել է: Նրանց և բազմաթիվ ընկերներիս համար ամեն օր ունեցածս ապրումներն ու կորստի ցավը միայն ես եմ զգացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել, մինչդեռ ճշմարտությունը չընդունել ցանկացողները հաճախ քննադատության թիրախ են դարձրել ինձ:

Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան, անկախ հոգեվիճակից, ուղիղ նայել ճշմարտության աչքերին և իրերը կոչել իրենց անուններով:

Ես իմ համեստ աշխատանքն եմ կատարում, բայց եթե դրանով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից: Իսկ ազնվությանս ու սկզբունքայնությանս մասին ինձ ճանաչողները հաստատ կվկայեն»,- գրել է նա:  

--00—ՄՀ