Դա մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ. ԿԳՄՍՆ տեղակալը՝ ադրբեջանական ակումբի կոչի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

ադրբեջան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ադրբեջանական ֆուտբոլային ակումբի ներկայացուցչի կոչին ի պատասխան:

«Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի կոչը՝ «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ, այլ հարևան երկրում պետական մակարդակով տասնամյակներ իրականացվող հայատյացության նպատակային քաղաքականության արդյունք։

Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, գիտական, մշակութային և մարզական ոլորտները երկար տարիներ ծառայեցված են եղել այդ հանցավոր նպատակին, և զարմանալի չէ, որ վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ։ 

Սա մեկ անգամ ևս ապացուցում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի անվտանգության անհնարինությունը և «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառման՝ որպես արցախյան հարցի լուծման միակ միջոցի անվիճարկելի անհրաժեշտությունը»:

Ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել էր ՈՒԵՖԱ ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի կոչի համար ակումբին եվրագավաթներից հեռացնելու պահանջով:

--00—ԼՄ