ԵՄ-ն կողմ է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

բորել

Եվրամիությունը կողմ է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին առանց նախապայմանների: РИА Новости-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանի անդամներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը:

«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան: Մեր դիրքորոշումը պարզ է։ Կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է Բորելը:

Նա հավելել է նաև, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ