Իսպանիայում բնակիչները կարող են դուրս գալ զբոսանքի և փողոցում զբաղվել սպորտով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

իսպանիա

Իսպանիայի իշխանությունները մայիսի 2-ից սկսել են թուլացնել երկրում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Այս մասին գրված է երկրի կառավարության կայքում: Այսօրվանից բնակիչները կարող են դուրս գալ զբոսանքի և փողոցում զբաղվել սպորտով: Արգելքը գործել է գրեթե 50 օր:

Դրսում սպորտով կարելի է զբաղվել օրական մեկ անգամ՝ յուրաքանչյուրն իր բնակավայրի սահմաններում։ Մեծահասակները կարող են քայլել բնակության վայրից 1 կմ շառավղով: Բոլոր իսպանացիները պարտավոր են պահպանել հեռավորությունը. նրանց խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ դիմակներ։ Բնակիչները կարող են նաև գնալ մթերային խանութ, դեղատուն, հիվանդանոց և աշխատանքի:

Առողջապահության նախարարությունը Իսպանիայի համար զբոսանքի և սպորտի հետևյալ ժամերն է առանձնացրել՝  6:00-ից մինչև 10:00 (տեղական ժամանակով) և 20:00-ից մինչև 23:00 սպորտով զբաղվել և զբոսնել կարող են 14 տարեկանից բարձր մեծահասակներն ու դեռահասները: 10:00-ից մինչև 12:00-ն և 19:00-ից մինչև 20:00-ն զբոսանքի ժամ է 70-ից բարձր տարեցների և այն անձանց համար, որոնք չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Ժամը 12:00-ից մինչև 19:00-ն կարելի է տնից դուրս գալ մինչև 14 տարեկան երեխաների հետ:

Իսպանիան երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 213 հազար և մահվան ավելի քան 24 հազար դեպքեր: