ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Հայաստանը՝ Հարավային Կովկասի միակ երկիրը, որը չունի նավթի ու գազի պաշարներ, Խորհրդային Միության փլուզումից հետո բախվել է էներգիա ապահովելու հետ կապված խնդիրների: Այս առումով Ռուսաստանը, որպես Հայաստանի հիմնական գազամատակարար, մենաշնորհային դեր ունի և անգամ այս երկրի էներգետիկ խողովակաշարերի սեփականությունն իրեն է պատկանում։
Այս էներգետիկ կախվածությունը, հատկապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո (2020 թ.), դարձել է քաղաքական ճնշման լծակ։ Այս իրավիճակում Հայաստանը որոշել է փոխել իր էներգետիկ ռազմավարությունը և ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից։
Այս առնչությամբ ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը հայտարարել է, որ Երևանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից Իրանի տարածքով Հայաստան գազ ներկրելու շուրջ։ Այս ծրագիրն իրագործվելու է սվոփ համակարգի համաձայն։
Իրանի տարածքով թուրքմենական գազը սվոփ համակարգով ՀՀ-ին տրամադրելու ծրագիրն ունի չորս կարևոր ասպեկտ.
️Առաջին. Հայաստանի վրա ճնշման նվազեցում
Ռուսական գազի մի մասը Բաքվի տարածքով տեղափոխվում է եվրոպական շուկաներ, ինչը թույլ է տալիս Բաքվին ճնշման լծակ կիրառել Հայաստանի դեմ։ Այս իրավիճակում Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից կարող է դառնալ Երեւանի վրա ճնշում գործադրելու լծակ։ Իրանի տարածքով գազ տեղափոխելու ծրագիրը կչեզոքացնի այս մարտահրավերը:
️Երկրորդ. Բաքվի և Անկարայի սպառնալիքներին դիմակայելը
Արտատարածքային միջանցք (Հայաստանի հարավում թուրանական միջանցք) ստանալու Բաքվի և Անկարայի ռազմավարություններից մեկը Հայաստանին էժան գազ տրամադրելն է։ Այս մոտեցումը ոչ միայն կհանգեցնի Հայաստանի էներգետիկայի նկատմամբ Բաքվի գերակայությանը, այլեւ կարող է ճանապարհ հարթել Հայաստանի հարավային հատվածի մասնատման համար։ Սյունիքից (Հայաստան հարավից) դեպի Թուրքիա խողովակաշարի կառուցումը Բաքվին և Անկարային թույլ կտա վկայակոչելով այդ երթուղու նկատմամբ ուզուֆրուկտային իրավունքը, սահմանափակել Երևանի ինքնիշխանությունը այդ տարածքում ։ Իրանի տարածքով և սվոփով գա փոխադրելու ծրագիրը կվերացնի այդ սպառնալիքը։
️Երրորդ՝ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդում
Թեհրանը ողջունել է այս ծրգաիրը, ինչը ցույց է տալիս, որպես համագործակցության գործոն՝ Իրանի սկզբունքային մոտեցումը նավթի ու գազի հզորությունների նկատմամբ։ Հայաստանի էներգամատակարարման պորտֆելի դիվերսիֆիկացումը կարող է նպաստել երկրում էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը և երկկողմ համագործակցության ամրապնդմանը: Օրինակ՝ Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագիծը, որը 90 տոկոս առաջընթաց ունի, ցույց է տալիս Թեհրանի լրջությունը այս հարցում։
️Չորրորդ. Տարանցիկ եկամտի ապահովում Հայաստանի համար
Հակառակ այն քարոզչությանը, որ Բաքվի և Անկարայի ճակատները Զանգեզուրի կեղծ միջանցքի շրջանակում քարոզում են Հայաստանի հարավային տարածքով դեպի Թուրքիա և Եվրոպա Կասպից ծովի ավազանից և Ադրբեջանից գազի տարանցման առավելությունները, իրականությունն այն է, որ Կասպից ծովի հատակից դեպի Ադրբեջան խողովակաշարով Կենտրոնական Ասիայի երկրներից գազի տեղափոխումը հնարավոր չի լինի Իրանի խորհրդարանում այս ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան չվավերացվելու և այս ծովի բնապահպանական խնդիրների պատճառով։ Մինչդեռ Բաքուն միայնակ չունի բավարար գազ՝ այս երթուղին տնտեսական դարձնելու համար։ Սակայն սվոփ համակարգով գազ փոխադրելու ծրագիրը կարող է ընդլայնվել նաև դեպի Վրաստան գազ փոխադրելու ուղղությամբ և վստահելի տարանցումային եկամուտ ապահովել Հայաստանի համար։
Իրանի տարածքով Թուրքմենստանից Հայաստան սվոփ համակարգով գազ փոխադրելու ծրագիրը ոչ միայն կնվազեցնի Հայաստանի էներգետիկ մարտահրավերները, այլև կվերացնի Կովկասում որպես քաղաքական ճնշման գործիք էներգիայի չարաշահումը: Այս խելամիտ քայլը, միաժամանակ ամրապնդելով տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական և քաղաքական զգալի օգուտներ կբերի Իրանին և Հայաստանին:
Հեղինակ՝ Ահմադ Քազեմի, Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող։
--00—ՍՊ