«Արդյունավետ համագործակցության երկու տարի»․ ՆԳՆ-ն ամփոփել է ՀՀ-ում ԵՄ-ի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ss
 
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
 
Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման շրջանակում որդեգրած եռակողմ սկզբունքները։
 
Նախարար Սարգսյանի խոսքով՝ Ծրագրի և հայաստանյան թիմերի ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն մանրամասն դիտարկել նախարարության կառուցվածքային յուրաքանչյուր միավորի գործառույթների շրջանակը, այլև վերաիմաստավորել դրանք և ամուր հիմք ձևավորել արդյունավետ ու երկարաժամկետ բարեփոխումների համար։
 
«Ծրագիրը և համատեղ ներդրված ջանքերը թույլ են տվել մեզ գաղափարական մակարդակից հասնել գործնական մակարդակ, և յուրաքանչյուր գործողության համատեքստում ունենալ հստակ պլանավորում՝ այն հասցնելով իր տրամաբանական ավարտին։ Մենք փորձել ենք չկորցնել ժամանակը՝ հասկանալով թե՛ դրական փորձառությունը, թե՛ քաղած դասերը, շատ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել, ինչը կարծում եմ՝ տեսանելի է և հեռանկարային ծրագրերի իրականացման տեսանկյունից և առաջիկայում կբերի նոր շոշափելի արդյունքներ»,-նշել է Արփինե Սարգսյանը։
 
Խոսելով կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքների մասին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների և զոհերի թվի նվազման վիճակագրական ցուցիչները, ինչպես նաև հանրային հարցումների արդյունքներով արձանագրված՝ ոստիկանության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության աճը։
 
Նախարարը հույս է հայտնել, որ դրական արդյունքները թույլ կտան վերահաստատել ծրագրային շարունակականության հանձնառությունը։
 
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ «Եվրոպական Միության համար մեծ պատիվ է մասնակցել Հայաստանում իրականացվող ամենախոշոր բարեփոխումներից մեկին՝ ուղղված քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ ՆԳՆ-ն այս գործընթացում առանցքային դեր ունի, և մենք բարձր ենք գնահատում նախարար Սարգսյանի, նրա թիմի նվիրվածությունն ու ջանքերը։ Համագործակցությունը Լիտվայի և Լատվիայի գործընկերների հետ, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը»:
 
Միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանային կառավարման գործիքակազմերին և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին ու փորձի փոխանակմանն է անդրադարձել Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը: «Այսօր մենք նշում ենք մի կարևոր ձեռքբերում, որը երկու տարվա համատեղ աշխատանքի և վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության ապացույցն է։ Այս ծրագիրը օրինակ է, թե ինչի կարելի է հասնել համատեղ ուժերով՝ փոխանակելով ռեսուրսներ, գիտելիք և նվիրում»,- իր խոսքում նշել է նա։
 
Համագործակցության հնարավոր ուղղություններին ու շարունակական զարգացմանն է անդրադարձել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը. «Այս ծրագիրն արդեն իսկ հաջողված պատմության օրինակ է։ Մեր հանձնառությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին շարունակում է մնալ թիվ մեկ առաջնահերթություն»:
 
Ելույթներ են ունեցել նաև Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալություն միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետ Ռուտա Գրիգալյունյենեն, Լատվիայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Նորմունդ Գրուբիսը։ Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ են կիսվել Ծրագրի երեք բաղադրիչների միջազգային փորձագետներ Թոմաս Բիկմանասը, Արտուրաս Կեմեժիսը և Գիեդրիուս Գենյուշասը։
 
Ամփոփիչ ելույթներով հանդես են եկել նաև այլ հյուրեր։
 
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մեդալների ու շնորհակալագրերի հանձնման արարողություն:
Նույն օրը հյուրերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։

 

--00—ՍՊ