Բաքուն մի կողմից հաշվի է առնում Անկարային, մյուս կողմից սերտացնում ԵՄ-ի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ա

«Գեղարդ» վերլուծական․

Ապրիլի սկզբին կայացել է Եվրամիություն–Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որտեղ ձեռք են բերվել ռազմավարական բնույթի մի շարք պայմանավորվածություններ։ Ընդունվել է հռչակագիր, որի կետերից մեկը վերաբերում է Կիպրոսի խնդրին։

1974 թվականին թուրքական զորքը գրավել էր Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը՝ այնտեղ ստեղծելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կոչվող միավորը։ Միակ պետությունը, որ ճանաչել է այն, Թուրքիան է։ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրները, ճիշտ է, չեն ճանաչել դրա անկախությունը, սակայն, Թուրքիայի հետ համերաշխության շրջանակում, հրաժարվում էին նաև հարաբերություններ զարգացնել Կիպրոսի Հանրապետության հետ։ ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի հռչակագրում նշված է, որ կողմերը հավատարմություն են հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնցում կոչ է արվում հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Կիպրոսի օրինական կառավարությունից բացի՝ այլ կառավարություն չճանաչել, դատապարտում է Թուրքիայի գործողությունները Կիպրոսում։ Բացի այդ՝ վերջին ամիսներին Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները՝ ԹՊԿ անդամ հանդիսացող Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև՝ դիտորդի կարգավիճակ ունեցող Թուրքմենստանը, դիվանագիտական կապեր են զարգացնում Կիպրոսի Հանրապետության հետ։  

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամների այս քայլը հարված էր Թուրքիայի ջանքերին, որը վերջին տարիներին ակտիվ էր իր ստեղծած հյուսիսկիպրոսյան թուրքական կառավարությանը միջազգային լեգիտիմություն հաղորդելու գործում։ Մասնավորապես՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ թյուրքական պետությունները հարաբերություններ հաստատեն, այսպես կոչված, ՀԿԹՀ-ի հետ, ինչու ոչ՝ նաև ճանաչեն։ Անկարայի ջանքերով՝ Հյուսիսային Կիպրոսի թուրք ղեկավարին հրավիրում են ԹՊԿ հանդիպումներին, կազմակերպում թյուրքական պետությունների ներկայացուցիչների այցեր Հյուսիսային Կիպրոս և այլն։

Կենտրոնական Ասիայի երկրների քայլը զարմանք ու զայրույթ է առաջացրել թուրքական մամուլում, որը կառավարությանը մեղադրում է ձախողման, իսկ դաշնակիցներին՝ դավաճանության մեջ։ Թուրք լրագրող Արդան Զենթյուրքը տեղի ունեցածը որակել է որպես ապտակ Թուրքիային։

Հարկ է նշել, որ հատկապես 2020 թվականից հետո Անկարան Բաքվին ևս փորձում էր ներգրավել Հյուսիսային Կիպրոսում թուրքական վարչակարգի հետ հարաբերություններում։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ընդունել էր ՀԿԹՀ-ի ղեկավար Էրսին Թաթարին, ստեղծվել էր խորհրդարանական համագործակցության աշխատաքային խումբ։

Թուրքիայում առաջ են քաշում նաև «Մեկ ազգ՝ երեք պետություն» գաղափարը: Ադրբեջանական մամուլում մի շարք անդրադարձեր կան տեղի ունեցածի վերաբերյալ՝ որակելով այն «տարօրինակ համերաշխություն», «թյուրքական դաշնակիցները կանգնեցին Հունաստանին կողքին»։

Ադրբեջանի համար կենտրոնասիական պետությունների այս քայլը մի կողմից հնարավորություն է ավելի շահավետ լույսի ներքո ներկայանալ Թուրքիայի ղեկավարության առաջ, մյուս կողմից, հղում անելով թյուրք գործընկերների դիրքորոշմանը, հրաժարվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական վարչակարգի հետ շփումների խորացումից։

Գագաթնաժողովից օրեր անց՝ ապրիլի 9-ին, ի թիվս այլ հարցերի, Ալիևն անդրադարձել է նաև Հյուսիսային Կիպրոսին․ «Մենք միշտ մեր եղբայրների հետ ենք․․․, մենք չունենք որևէ այլ օրակարգ, քան Հյուսիսային Կիպրոսի մեր եղբայրներին օգտակար լինելը, որոնք արժանի են իրենց պետությունն ունենալուն»։

Տեղի ունեցածից կարելի է եզրահանգել՝ թյուրքական ինտեգրացիան թեև շարունակվում է, բայց պետական շահերը գերակա են։ Ներկայում Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են քաղաքական և տնտեսական սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, որը հիմնված է էներգետիկ գործոնի վրա։ Իր հերթին՝ Ադրբեջանը հավակնում է թե՛ մատակարար, թե՛ տարանցիկ ուղի լինել էներգակիրների ԵՄ փոխադրման համար։ Բաքուն հարկադրված է մի կողմից հաշվի առնել Անկարային՝ 2020 թվականի պատերազմում իրեն աջակցելու համար, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները, որն ադրբեջանական գազի սպառման խոշորագույն շուկան է։


 

--00—ՍՊ