Իրենց անհամաձայնությունը հայտնած քաղաքացիները լարվեցին, Լոռիում նոր հանքեր չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

dd

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է․

«ԱՆՆՈՐՄԱԼ Է ԵՎ ՄՏԱՀՈԳԻՉ,

Երբ գյուղական բնակավայրերի բնակիչները ստիպված են լինում անընդհատ պայքարել տարբեր հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրենց գյուղատնտեսական հողերում նոր հանքավայրերի հետազոտման և շահագործման գործընթացների դեմ, ու հատկապես նույն ընկերությունների շարունակական փորձերին դիմադրելով։

Այսօր Լոռու մարզի Փամբակ գյուղում, Փամբակ, Քարաբերդ և Բազում գյուղերի բնակիչները ստիպված էին կրկին լսել նույն ընկերության կողմից («Կոմպոզիտ Մետալ» ՍՊԸ) նախաձեռնված հանրային լսումները։ Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկու լսում նախաձեռնած և իրականացրած ընկերությանը քաղաքացիները տվել էին իրենց անհամաձայնությունը իրենց գյուղատնտեսական նշանակության հողերում հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելուն, սակայն ընկերությունը վերադարձել էր՝ արդեն երրորդ անգամ նախաձեռնելով լսումներ։

Նախկինում արդեն երկու անգամ իրենց անհամաձայնությունը հայտնած քաղաքացիները հատկապես լարվեցին, երբ տեսան լսումների վայրի մոտ ոստիկանական ուժերին, ինչը սոցիալ-հոգեբանական ազդեցության հանգեցրեց, և բնակիչները զանգվածաբար լքեցին լսումների դահլիճը և հորդորեցին նախաձեռնողներին հեռանալ․ արդյունքում լսումների շղթան, որը պետք է տեղի ունենար նաև Քարաբերդում ու Բազումում, տապալվեց։

Նման իրավիճակը կրկնվում է ՀՀ-ի տարբեր բնակավայրերում։ Գյուղերի բնակիչները, շարունակաբար դիմադրելով իրենց գյուղերում հանքեր որոնելու կամ բացելու նույն ընկերությունների շարունակական փորձերին, ըստ էության ենթարկվում են սոցիալ-հոգեբանական ճնշումների, սոցիալական լարվածություն է ստեղծվում համայնքի բնակիչների միջև, և ես դա կոչում եմ հոգեբանական տեռոր համայնքի բնակիչների նկատմամբ։

Միևնույն տարածքի նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարբեր ընկերություններ փորձում են ձևավորել իրենց համախոհների թիմերը, ինչն իր հերթին հանգեցնում է լարվածության նաև տվյալ խմբերի միջև։ Ընկերությունները լսումներին ներկայանում են իրենց աշխատակիցներով, որը ևս համայնքի բնակիչների նկատմամբ ճնշման և ձայնի կաշկանդման միջոց է։

Արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում ենք ոլորտի պատասխանատուների առաջ, որ այդպես շարունակվել չի կարող, և անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, սակայն դրանք միշտ անտեսվում են (վստահ եմ՝ հանքարդյունաբերողների լոբբինգը այստեղ դեր ունի)։

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հետևյալ օրենսդրական կարգավորումը․

Եթե համայնքը (համայնքի բնակիչները) նույն ընկերությանը արդեն երկու անգամ տվել է իր անհամաձայնությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ, ապա համայնքը օրենքի ուժով պետք է ձեռք բերի «Իմունիտետ», այն է․ նույն ընկերությունը կամ նույն իրական շահառուներին ներկայացնող այլ ընկերություններ առնվազն երեք տարի չեն կարող հայտ ներկայացնել նույն համայնքում/բնակավայրում նույն կամ նմանատիպ գործունեության համար։

Այս ուղղությամբ աշխատելու ենք, հատկապես ես առաջինը զբաղվելու եմ այս հարցով՝ որպես վերջերս ընտրված ՀՀ հանրային խորհրդի անդամ, շրջակա միջավայրի և բնական պաշարների մշտական հանձնաժողովի նախագահ։

Հ․Գ․ Լոռիում նոր հանքեր չեն լինելու»։

--00—ՍՊ