ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 15-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական մայրաքաղաքում տեղի են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները, որոնք գլխավորել են նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը և Վաել Համեդը:
Քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության ավանդական բարձր մակարդակը, որոնք վերջին տարիներին առավել ակտիվացել են բարձրագույն մակարդակով տեղի ունեցած փոխադարձ այցելությունների արդյունքում:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճող տեմպերի վերաբերյալ, մտքեր փոխանակել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության առավել սերտացման շուրջ:
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը: Այս համատեքստում հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում իրերի ներկայիս դրությունը, տարածաշրջանային բոլոր ընթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:
--00—ՅՄ