Եթե մեկը կասկածի տակ է դնում բանակ ունենալու իրավունքը՝ կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

43206_b

Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը  յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Այս մասին հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուժեղ և մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը , անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է, բայց ոչ միակ գործոնը: Անվտանգության ապահովման տեսակետից առանցքային ևս երկու գործոն պիտի ընդգծեմ՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի տեսակետից»,- ընդգծել է Փաշինյանը՝ կարևորելով լեգիտիմությունը որպես ՀՀ անվտանգության  ապահովման կարևորագույն գործոն:

Նա շեշտել է, որ ՀՀ-ն իրեն պիտի նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա ճանաչվել է միջազգային հանրության կողմից՝ այն է՝ հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է ՀՀ ինքնիշխան տարածքի հետ:

«Մենք հստակ և աներկբա պետք է արձանագրենք, որ որևէ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու և սա պետք է դառնա Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարություններին՝ կապված ՀՀ բանակի, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումների հետ, Փաշինյանը շեշտել է, որ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել բանակ ունենալու ՀՀ ինքնիշխան իրավունքը:

«Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը՝ կակսածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան՝ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»,-հավելել է վարչապետը:

--00—ՅՄ