Պետք է հստակ արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չենք ունենալու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

T019516

Մենք պետք է վերանայենք անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը։ Այս մասին բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով: Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը:

Այս ձեռքբերումների ու ներդրումներ անելու հնարավորության համար ուզում եմ կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնք գործնականում են իրագործում 2018 թվականին մեր կողմից առաջարկված «հարստացիր և հարստացրու» կարգախոսը: Եվ պիտի արձանագրեմ, որ 2023 թվականի բյուջեի հարկային եկամուտները, արդեն իսկ փաստացի կատարված, 2017 թվականի բյուջեի եկամուտների համեմատ ավելի են եղել շուրջ 2,5 միլիարդ դոլարով: Եվ ահա այս գումարներով է նաև իրականացվում բանակի, զինված ուժերի բարեփոխումը:

Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է, բայց ոչ միակ գործոնը: Անվտանգության ապահովման տեսակետից առանցքային երկու գործոն ևս պիտի ընդգծեմ՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսակետից:

Լեգիտիմությունն, ըստ այդմ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն պիտի լինի: Ի՞նչ նկատի ունեմ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»,-ասել է վարչապետը։

--00—ՅՄ