Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ երբևիցե չի եղել. «Հայաքվե»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ակ

«Դատարանը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով»,- հայտնում են «ՀայաՔվե» նախաձեռնության շտաբից։

Նշվում է, որ դատարանի կողմից դակված այս հակաիրավական ակտը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։

«Վերջին շրջանում Ակոպյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին` Արցախի հարցում վարած կործանարար քաղաքականության համար։

Ցոլակ Ակոպյանին հետապնդում են, ոչ ավել, ոչ պակաս, բացակայած դասախոսի փոխարեն՝ որպես դեկան, ուսանողից քննություն ընդունելու և քննական տեղեկագրում ստորագրելու համար։

Ծիծաղելի ու ողբերգական այս մեղադրանքը և դրա հիման վրա կայացված խափանման միջոցի դատական ակտը մեր արդարադատության ամոթն ու խարանն են։ Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ երբևիցե չի եղել։ Առավել քան համոզված ենք, որ այս խայտառակ քաղաքական հետապնդումը նախաձեռնվել և իրականացվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կամքով և գիտությամբ։

Մեր խորին վրդովմունքն ենք հայտնում դատարանի՝ քաղաքականապես ակնհայտորեն ուղղորդված դատական ակտի հարցում, զորակցում ենք մեր գործընկեր և համախոհ Ցոլակ Ակոպյանին և մեր ուժերի առավելագույն չափով նպաստելու ենք նրա շուտափույթ արդարացմանը»,- նշում են «ՀայաՔվե» նախաձեռնության շտաբից։

Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։

--00—ԼՀ