Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» լաբորատորիայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

առ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կենտրոնը հագեցվել է Համաշխարհային առաջատար արտադրողների շուրջ 20 սարքավորումով և քիմիապես կայուն լաբորատոր կահույքով:

Լաբորատորիայի վերանորոգման և վերազինման աշխատանքներն իրականացվել են Կառավարության ֆինանսական աջակցությամբ. տրամադրվել է շուրջ 595 մլն դրամ:

«Փորձագիտական այս կենտրոնը կատարում է պետական բացառիկ ֆունկցիա` ապահովելով մեր երկրի դեղորայքային անվտանգությունը: Լաբորատորիայի ամբողջական վերանորոգման և վերազինման ծրագրի առաջին փուլն ենք իրականացրել` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, հաջորդիվ աշխատելու ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է որակի միջազգային սերտիֆիկատներով հավաստված, հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը, որը կընդլայնի իր գործառույթները գիտական, արտադրական տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում, խթան կլինի մեր երկրի դեղագործական արտադրանքի զարգացման գործում:

--00—ԼՀ