Իշխանությունը ժամանակ է շահում, Փաշինյանը Սյունիքի հետ վարվելու է այնպես, ինչպես Արցախի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Խաղաղության խաչմերուկը քարոզչական փուչիկ է, ինչպես՝ «հաղթելու ենք» կամ «խաղաղության դարաշրջանը», դա կյանքի չի կոչվելու, ավելին՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ ցույց տա՝ մեր մեղքով կյանքի չի կոչվել, քանի որ մենք իրենց միջանցք չտվեցինք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

«Խաղաղության դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, այնպիսի գին, որը վճարելու դեպքում չենք ունենա ասօրվա Հայաստանը։ Բազմաթիվ ականներ կան, փախստականների վերադարձ, ռազմատուգանք, բանակի թվի սահմանափակում և այլն։ Հիմա իշխանությունը ժամանակ է շահում, Փաշինյանը Սյունիքի հետ վարվելու է այնպես, ինչպես Արցախի դեպքում, կասի՝ կարող էի առանց պատերազմի Սյունիքի կեսը տալ, բայց կասեին՝ դավաճան, ինչպես ասաց 44-օրյա պատերազմից հետո»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Բաղդասարյանը նկատեց, որ Փաշինյանը «պողպատյա մանդատը» խաբելու արդյունքում է ստացել, նա չի ասել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ, բայց ժողովուրդը դուրս չի գալիս պայքարելու, քանի որ ընդդիմությունը երկիրը այս իրավիճակից հանելու ելքեր չի առաջարկում։ «Ամեն օր արթնանում ենք պատերազմի վտանգով, ներքաղաքական բոլոր խաղերը պետք է մի կողմ դնել և ասել ճշմարտությունը։ Ով կներկայացնի, թե որն է լինելու նվազագույն կորուստների ճանապարհը, գուցե հաջողի։ Ընդդիմությունից ոմանք թաքուն ձեռքերը շփում են, թե Արցախի ֆոնին նոր շարժում կսկսենք»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ