Մեր ընտանիքը 6 ամսով ժամանակավոր օթևան կտրամադրի Արցախից տեղահանված 10 ընտանիքի․ Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

62b45940e14161db189e4ed69408095f_1668074966

Սիրելի բարեկամներ, մեր ժողովրդի նկատմամբ գործած անթաքույց ցեղասպանության հետևանքով, այսօր Արցախի մեր բազմահազար քույրերը և եղբայրները, հերոսական բայց անհավասար պայքարից հետո, ողջ աշխարհի լուռ հայացքի ներքո, ստիպված են ևս մեկ անգամ տեղահանվել իրենց հայրենիքից և տարհանվել Հայաստանի այլ մարզեր, սեփական տներ վերադարձի անորոշ հեռանկարով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ  Ավետիք Չալաբյանը։

«Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին՝ կլինի օթևան, առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, աշխատանք, երեխաների համար կրթություն, թե ցանկացած այլ կրիտիկական կարիք։ Միայն այդ կերպ մենք կարող ենք մեղմել նրանց ցավը և անհուն կորուստների վիշտը և հույս տալ նրանց նոր կյանքի։

Մեր ընտանիքը, որպես առաջին քայլ, այսօր հանձնառություն է ստանձնում վեց ամսով ժամանակավոր օթևան տրամադրել Արցախից տեղահանված 10 ընտանիքների՝ Վայոց ձորի մարզի տարբեր գյուղական համայնքներում։ Մեր ընտանիքը համագործակցում է Վայքում գործող Արշակունի ՀԿ-ի հետ, որը կկազմակերպի ժամանող ընտանիքների ընդունելությունը և տեղավորումը։ ՀԿ տնօրեն Արտավազդ Վարդանյանի հետ կարելի է կապվել 094 810 111 հեռախոսահամարով։

Այս հեռախոսը կարող եք փոխանցել բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն։ Հորդորում եմ նաև ձեզնից յուրաքանչյուրին՝ այս դժվարին օրերին ձեր հնարավորությունների սահմաններում օգնության ձեռք մեկնել մեր քույրերին և եղբայրներին։ Աստված պահապան մեր ժողովրդին և բոլոր գթասիրտ հոգիներին»։

 --00—ՅՄ