«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

կարծ

 «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է սեպտեմբերի 21-ին տեղի ունցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միության հայտարարությունում նշվում է.

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կրկին իր խորն անհանգստությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում ստեղծված և ընթացիկ իրադրության կապակցությամբ։ 

Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը ևս մեկ անգամ վերադարձավ բռնության կիրառման արտակարգ և բացառիկ պրակտիկային, ինչը բնավ օտար չէ այդ երկրի պատկան մարմիններին։ 

Ադրբեջանի սկսած անօրինական և անհավասար պատերազմի ժամանակ թիրախավորվել են բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածներ, բնակելի տներ, ինչի արդյունքում միայն քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 40 զոհ, այդ թվում՝ 13 երեխա։ Բացի այդ պայմանական զինադադարի հաստատումից հետո արձանագրվել են կրակի դեպքեր։ Մեծ թվով մարդկանց հետ դեռևս անհնար է կապ հաստատել։ Այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ահաբեկչական հռետորաբանության, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի գերակայմամբ և նախորդած ավելի քան իննամսյա հումանիտար աղետի շարունակմամբ։

Այս խնդիրը սեպտեմբերի 21-ին քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նիստի ընթացքում հնչեցին ելույթներ, որոնք իրապես արձանագրում էին այժմ Լեռնային Ղարաբաղում առկա աղետալի իրավիճակը։ Մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, և միջազգային առաքելության կազմակերպումը վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն: Սա նշանակում է, որ չնայած հաստատված զինադադարն ընդունվել է ի գիտություն, այդ երկրները հավատ չեն ընծայում քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման մասին Ադրբեջանի հավաստիացումների նկատմամբ։ 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը արձանագրում է ՄԱԿ-ի մանդատով միջազգային խաղաղապահ առաքելության Լեռնային Ղարաբաղ ուղարկման խիստ անհրաժեշտությունը՝ որպես հայ բնակչության իրական անվտանգության երաշխավոր։ 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իր խորը երախտիքն է հայտնում Ֆրանսիային՝ Լեռնային Ղարաբաղի համար այս օրհասական պահին ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ նախաձեռնելու համար և շնորհակալություն է հայտնում բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, որոնք ջանք չեն խնայում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովմանը, հումանիտար աղետալի ճգնաժամի հաղթահարմանը և Լեռնային Ղարաբաղում հայության հերթական ցեղասպանության կանխմանը։ 

Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը այսօր մեծապես կախված է միջազգային հանրության գործնական աջակցությունից։ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ քաղաքակրթության բնօրրաններից մեկում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրական էթնիկ զտման, կանանց, երեխաների ու տարեցների աննկարագրելի տառապանքի նկատմամբ։ Այլապես մնացյալ մարդկության անվտանգությունն ու բարօրությունն այսուհետ ևս կդրվեն մեծ հարցականի տակ, որովետև Ադրբեջանի նման գործելակերպը ժամանակին միջազգային անգործության և ամենաթողության հետևանքն է։

Մենք կոչ ենք անում այլ երկրների ներկայացուցիչներին, միջազգային հեղինակավոր կառույցներին և դատական ատյաններին աչալուրջ լինել մեր տարածաշրջանում տեղի ունեցող հանցավոր իրադարձությունների նկատմամբ, որոնք ժողովրդավարացման, մարդու հիմնարար իրավունքների գործադրման նկատմամբ լուրջ վտանգներ են պարունակում։ Մենք կոչ ենք անում առավել արդյունավետ կերպով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հավատարիմ մնալու իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։

Մենք՝ որպես «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչներ, որոնք 30 տարի առաջ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում քանիցս ականատես են եղել ադրբեջանական իշխանությունների վայրագ գործլակերպին, հայության ֆիզիկական բնաջնջմանը, տեղահանմանը, նվաստացմանը, հայատյաց քարոզին, մշակութային ցեղասպանությանն ու պատմական ճշմարտության խեղմանը, այսօր կոչ ենք անում թույլ չտալ անցյալի անարդարությունների ցավալի կրկնությունը, ինչը հավասարազոր մեղավորության նշան կդնի Ադրբեջանի ցեղասպան վարքի և այդ մասին լռողների միջև»։

--ԼՀ--