Չենք կարող Ադրբեջանի հետ սերտ համագործակցել, պետք է ճնշում գործադրել. Բունդեսթագի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

գե

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում չի պատկերացնում Ադրբեջանի հետ տնտեսապես սերտ համագործակցությունը, ճնշում գործադրելու և բանակցային սեղան վերադարձնելու կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոթը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցով գրառումներ է կատարել X-ում («Թվիթեր»):

«Դառը եզրակացություն Հայաստանի և ԵՄ-ի համար. Ադրբեջանը հենվել է «ամենաուժեղի օրենքի» վրա, այլ ոչ թե օրենքի ուժի: Եվ դա դաժանորեն հաղթեց։ Հայաստանը շաբաթներ շարունակ զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին: Իսկ մենք նայեցինք այլ կողմ և դրան քիչ կարևորություն տվեցինք»,-գրել է Ռոթը:

Ըստ նրա՝ եթե ԵՄ-ն վերջնականապես չճանաչի իր ռազմավարական շահը հարավկովկասյան տարածաշրջանում, ապա նոր պատերազմի վտանգ կա։ Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանը լքել է Հայաստանին, իսկ Թուրքիան պաշտպանում է Ալիևի ռեժիմին:

«Այս պայմաններում մենք չենք կարող տնտեսապես ավելի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ճնշում  գործադրենք և վերադարձնենք բանակցային սեղան, որպեսզի երկու պետությունները վերջնականապես ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և զերծ մնան բռնություններից»,-նշել է Ռոթը:

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսել է նաև Հայաստանի ժողովրդավարության մասին՝ շեշտելով, որ ԵՄ-ն պետք է ավելի լավ պաշտպանի Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունն իր թշնամիներից՝ անվտանգության և խաղաղության համար ուժեղացված ԵՄ առաքելության, տնտեսական մեծ աջակցության, վիզայի ազատականացման և ավելի խորը քաղաքական համագործակցության միջոցով: «Մենք համերաշխ ենք ժողովրդավարական Հայաստանի հետ»,-եզրափակել է Ռոթը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին արդեն Եվլախում ընթանում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ 

--00—ԼՀ