Ալեն Սիմոնյանը Անկարայում կքննարկի Թուրքիայի օդային տարածքով թռիչքների վերսկսման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Անկարայում՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համաժողովի խորհրդարանական վեհաժողովին, իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկելու է Թուրքիայի օդային տարածքով դեպի երրորդ երկրներ թռիչքներ իրականացնելու արգելքի վերացման հարցը։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Ալեն Սիմոնյանը հանդիպելու կամ արդեն հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ ու բարձրացնելու է այս հարցը։ Իրական խնդիր է, երբ մեր ավիաընկերությունները չեն կարողանում Թուրքիայի օդային տարածքով փոխադրումներ իրականացնել», - ասել է Խանդանյանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել էր, որ հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդը փակվել է «Երևանում տեղի ունեցած սադրանքի պատճառով»՝ նկատի ունենալով «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանախմբի բացումը։

Իր հերթին չորեքշաբթի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական օդի փակումը ավելի մեծ խնդիր անվանեց հայկական, այլ ոչ թե թուրքական կողմի համար ու նաև հավելեց, թե արձանախմբի բացման որոշումը կայացվել է, «որպեսզի իրենց դավաճան չհամարեն»։

--00—ԶՀ