Բաքվի հայատյաց քաղաքականության վերջին դրսևորումը Լաչինի արգելափակումն է․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

343467242_6154434504594013_3046493240551921914_n

Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին և մոմեր վառվեցին Աշտարակի հրապարակում գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։

Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի աշակերտների կողմից կատարվեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ալֆորվիլ քաղաքին մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ անցկացնելու համար՝ ընդգծելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի և հիշողության տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ծանրագույն հանցագործությունը դատապարտելու կարևորությունը մարդկության դեմ ոճիրների հետագա կանխարգելման համար։ Այս համատեքստում, անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությանը, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքի արգելափակումն է, որի հետևանքով շուրջ 135 օր շարունակ Արցախի 120,000 բնակչությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի հայկական կազմակերպությունների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրությունում:

--00—ՅՄ