«Գետն եկել, ջրաղացը տարել է, տաշեղների մասին են խոսում». ԱՆ-ն հոգևորականների դեմ օրե՞նք կշրջանառի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ajapahyan-bagrat-srbazan.jpg

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում` արգելելու հոգևորականների միջամտությունը իշխանությունների գործունեությանը, այդ թվում՝ հրապարակային ելույթներն այդ թեմաներով: Իսկ չենթարկվողներին սպառնում են վարչական տուգանքով։

24News-ի հետ զրույցում Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շրջանառվող լուրերը ծիծաղելի որակեց։

«Գետն եկել, ջրաղացը տարել է, սրանք տաշեղների մասին են խոսում», - նկատեց նա։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ ապշեց, երբ լսեց, որ անգամ նման լուրեր են շրջանառվում․ «Դա լու՞րջ եք ասում։ Ես հուսամ, որ դա պարզապես խոսակցություն է։ Իսկ, եթե լուրջ է, ուրեմն առնվազն ծիծաղելի է։ Երևի դրանից պետք է սարսափենք, բոլոր եկեղեցականներով կարտագաղթենք, կմնաք առանց եկեղեցականության, հո չենք մնա, վարչական տույժի ենթարկվենք, մենք վախենում ենք չէ՞ վարչական տույժերից․ ցանկացած ռեպրեսիաներից, ստիպված կլինենք արտագաղթել։ Ժողովրդական խոսք կա, ասում է՝ քամին մրսեց։ Նորից եմ ասում, հուսամ, որ դրանք պարզապես խոսակցություններ են և հիմք չունեն, իսկ, եթե հիմք ունեն, մեզ դժվար կարողանան լռեցնել, վախեցնել, մենք Սովետական Միություն ենք տեսել, մեզ վախեցնել չեն կարող, մեր վախը վաղու՜ց չափված է»,- եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդը։

24News-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության խոսնակը հերքեց շրջանառվող տեղեկատվությունը, նշելով, որ մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Մերի Մանուկյան

--00—ԶՀ