Սա սեյսմիկ անվտանգության խնդիր է. «ԱՍԿԵ Գրուպ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Օրերս ՆԳՆ Քրեական ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ պողպատե արտադրությամբ զբաղվող մի ընկերություն իր արտադրած ամրանային ձողերի վրա սեփական անվան փոխարեն ապօրինաբար մակնշել էր շուկայում ճանաչում ունեցող «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության կրճատ անվանումը՝ ASCE, այդ կերպ կանխամտածված կեղծ գովազդի միջոցով օգտագործել էր տվյալ ընկերության անունը, մոլորեցրել սպառողներին և իրացրել սեփական արտադրանքը։

Կեղծ գովազդով անբարեխիղճ արտադրողը փորձել է առավելագույնս նմանակել «ԱՍԿԵ»-ի արտադրանքը, որպեսզի հնարավոր լինի դա իրացնել։ Մինչդեռ տարբեր են եղել թե՛ մակնշման տառաձևերը, թե՛ մետաղի որակը, թե՛ գույնը։

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» հայկական պողպատաձուլական ձեռնարկության ներկայացուցիչները այս դեպքի մասին իմացել են պատահաբար, երբ որակի վերահսկողություն իրականացնող համապատասխան մասնագիտացված լաբորատորիայից հայտնել են, որ իրենց մոտ փորձագիտական ենթակա ASCE մակնշմամբ պողպատե ամրանը չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին։ Ընկերության համար սա զարմանքի և միևնույն ժամանակ մտահոգության տեղիք է տվել։

«Բնականաբար, այս հանգամանքը մեծ անհանգստություն առաջացրեց մեզ մոտ, որովհետև մենք ամբողջ պրոցեսում համապատասխան հսկողություններն իրականացնում ենք, առավել քան վստահ ենք, որ մեր արտադրանքը համապատասխան է որակի բոլոր չափանիշներին։

Երբ որ մենք լաբորատորիայից ստացանք լուսանկար, թե այդ ինչ արտադրատեսակ է, հենց վիզուալ նայելով՝ ակնհայտ էր, որ էդ արտադրատեսակը որևէ կերպ կապ չունի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ի կողմից արտադրված պողպատե ամրանների հետ»,- ասում է ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը։

Ըստ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ի տնօրենի՝ կեղծված ապրանքանիշի օգտագործումը տնտեսական անվտանգության խնդիր է, հատկապես երբ խոսքը վերաբերում է շինարարությանը՝ սեյսմակայունթյանը։ Հրաչյա Մուրադյանը նաև կոչ է անում իրենց արտադրանքը ձեռք բերել գործընկեր կազմակերպությունների, մասնավորապես՝ «ՄԻԿՄԵՏԱԼ»-ի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ